
Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասի նհամաձայնագրի 25-ամյակին նվիրված` նախօրեին Ստեփանակերտում կայացել է խորհրդաժողով, որն ընդունել է հայտարարություն:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարեւոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում, որը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գլխավորությամբ, ով 1995 թվականից եղել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
Ռուսաստանի Դաշնությունն առաջինը ճանաչեց Արցախը՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը: Այս պրագմատիկ մոտեցումը, որը հետագայում իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում, թույլ է տվել հակամարտության կողմերից յուրաքանչյուրին բանակցություններում անմիջականորեն ներկայացնել սեփական շահերը, ֆորմալ հարցերից անցում կատարել դեպի բովանդակային քննարկումներ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին Համաձայնագրի ստորագրումը:
Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ Համաձայնագրի նշանակությունը, որը Ադրբեջանի եւ Արցախի միջեւ բանակցությունների արդյունքն էր, հնարավորություն է տվել ամրապնդել կրակի եւ ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը, որոնք կարող էին աղետալի հետեւանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ ամուր հիմք է դրել բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորում փնտրելու համար:
Այն լավագույնս ապացուցում է, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղության պահպանումը այսօր եւս՝ 25 տարի անց, շարունակում է արդիական մնալ: Կարծում ենք, որ այս նպատակին անհնար է հասնել առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչը թույլ կտա բացառել երկու կողմերից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016 թ. ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների կրկնությունը:
Հաջողության ալգորիթմն ակնհայտ է. վերականգնել բուն՝ բանակցությունների եռակողմ ձեւաչափը, ինչպես եղել է 1994 թվականին, հետեւողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ 2016 թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք նախատեսում են հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմի եւ շփման գծում իրավիճակի դիտարկման համակարգերի ներդրում, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ շփման գծում իրավիճակի դիտարկման կարողություններն ավելացնելու նպատակով:
Մենք՝ խորհրդաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում կողմերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության պահպանման, արդյունավետ բանակցությունների համար պայմանների ստեղծման եւ հակամարտության կողմերի հասարակությունների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման համար, քանի որ լարվածության հետագա սրումը հղի է նոր պատերազմի վտանգով:
Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների կենսական շահերից»,- ասված է հայտարարության մեջ: