News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շաբաթ լույս գիշերը Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հավանություն են տվել հրդեհի հետեւանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին, հայտնում է France Info ռադիոկայանը:

Ռադիոկայանի տեղեկություններով՝ 13 ժամ տեւած բանավեճից հետո, որի հետեւանքով գիշերը դահլիճը կիադատարկ էր, կողմ է արտահայտվել 32 պատգամավոր՝ 5 դեմի եւ 10 ձեռնպահի պայմաններում:

Օրինագիծը մեծ արձագանք է գտել Ֆրանսիայի հանրության շրջանում: Մշակույթի մեծ թվով գործիչներ վախենում են, որ հապշտապ վերականգնումը, որի համար երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հատկացրել է ընդամենը 5 տարի, կարող է բացասաբար անդրադառնալ տաճարի վրա, որը ազգային հարստության կարեւորագույն մասն է եւ գոթական ճարտարապետության իրավամբ գլուխգործոց:

Օրինագծով նախատեսվում է գոյություն ունեցող մի ամբողջ շարք օրենսդրական կանոնների եւ սահմանափակումների չեղարկման հնարավորություն նախագահական եւ կառավարական հրամանների հիման վրա, որոնք վերաբերում են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներին: Agence France-Presse-ը հստակեցնում է, որ պետությունը նման իրավունք կստանա օրենքի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո: Մասնավորապես՝ խոսքը պետական պատվերներով մրցույթների անցկացումից հնարավոր հրաժարվելու, շրջակա միջավայրի պահպանման կանոնների խախտումների, մի շարք այլ վերականգնման նորմերի, ազգային մշակութային ժառանգության պաշտպանության օրենքների, հնագետնեի կողմից շինարարության տեղում պարտադիր նախնական ստուգման անցկացման կանոնների մասին է:

Այսպես՝ նախատեսվում է, որ մրցույթների անցկացման եւ ընկերությունների ընտրության փոխարեն պետությունը վեցամսյա ժամկետում կստեղծի սեփական կառույց, որը «կիրականացնի աշխատանքների անցկացումը, դրանց համակարգումը, մշակումների եւ ուսումնասիրությունների անցկացումը, հուշարձանի պաշտպանության միջոցառումների եւ դրա վերականգնման իրականացումը»: Ընդ որում՝ այս կառույցում կստեղծվի գիտական կոմիտե, որի կազմը կորոշվի համապատասխան հրամանով: Պատգամավորների առջեւ ելույթ ունենալիս Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը հավաստիացրել է, որ պետական այս կառույցի գործունեության մեջ կներգրավվեն նաեւ Փարիզի քաղաքապետարանը եւ Փարիզի եպիսկոպոսի գործերի վարչությունը:

Օրինագծի զգալի մասը նվիրված է ֆինանսական հարցերին, որոնք կապված են տաճարի վերականգնման համար միջոցների հավաքման եւ օգտագործման հետ: Մասնավորապես՝ խոսքը այն անձանց հարկային արտոնություններ տալու մասին է, որոնք նվիրատվություններ կկատարեն: Նման նվիրատվությունների դեպքում եկամտահարկից ներկայիս 66 տոկոսով ազատումը որոշվել է դարձնել 75 տոկոս՝ տարեկան 1000 եվրո սահմանաչափին հետեւելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ