News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախի ու Հայաստանի հակադրությունը՝ նախագահ-վարչապետ մակարդակում,  քաղաքական կուսակցությունների մակարդակում անթույլատրելի եմ համարում։ 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով Արցախում ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած «Հայաստան-Արցախ» ֆորումի մասին։

«Ես շատ կարեւորում եմ Արցախի ու Հայաստանի քաղաքական դաշտի ու հասարակական դաշտի համատեղ գործընթացները։ Արցախի ու Հայաստանի հակադրությունը՝ նախագահ-վարչապետ մակարդակում, քաղաքական կուսակցությունների մակարդակում անթույլատրելի եմ համարում, դա շատ տխուր եւ վատ կլինի, դա կնշանակի, որ Շուշիից դասեր չենք քաղել, անցյալից դասեր չենք քաղել։ Մենք պետք է իրար հետ համաձայնեցված քայլենք։ Ադրբեջանը չպետք է տեսնի, որ Արցախում ինչ-որ բան է առաջարկվում, որը Հայաստանում մերժվում է, Արցախն էլ պետք է իր առաջարկները ճշտի ու համաձայնեցնի Հայաստանի հետ, որ մերժումը տխուր չլինի»,-նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ նրան չտեսանք ֆորումի ժամանակ, հրավեր ստացե՞լ է ՀՅԴ-ից, Արամ Սարգսյանն ասաց, որ հրավեր չի եղել ՀՅԴ-ի կողմից, սակայն իր համար ողջունելի է Արցախի հարցով ցանկացած քննարկում․ «Հրավերներ մերժելու սովորություն չունեմ, եթե որեւէ կերպ չեմ կարողանում գալ, տեղյակ եմ պահում, սակայն ինձ համար ողջունելի Արցախի հարցում ցանկացած քննարկում կուսակցությունների, ՀԿ-ների մակարդակում։ Մենք նաեւ աշխարհին ապացուցելու բան ունենք, եւ այն ինչ կարող են անել կուսակցությունները, հատկապես արտախորհրդարանական ուժերը, ոչ ոք չի կարող անել»։

Դիտարկմանը, որ արտախորհրդարանական ուժերը չեն վստահում ՀՀ գործող իշխանություններին եւ ցանկանում են պարտադրել ռազմավարական դաշինք կնքել Արցախի հետ, նա շեշտեց, որ արտախորհրդարանական ուժերը, որոնք չեն անցել Աժ, կարող են չվստահել, բայց վարչապետին վստահում է ժողովրդի մեծ մասը․ «Գործող իշխանությունները ստացել են ժողովրդի մեծ մասի քվեն։ Ես ուզում եմ, որ նրանք այն, ինչ առաջարկում են, անեն դա լավը կամենալով, դրանում օբյեկտիվը տեսնելով, ոչ թե հակադրվելու համար։ Ես էլ շատ հարցերում համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ես դա չեմ անում չարությամբ, չեմ անում հակադրվելով։ Շատ դրական եմ համարում՝ թող հավաքվեն, ժողովներ անեն, ներկայացնեն իրենց մոտեցումները, բայց չեմ ընկալում, որ դա արվում է հակադրվելու համար եւ արվում է Արցախից։ Հանրությունը գործող իշխանությանը ավելի է վստահել եւ շատ ավելին են պահանջելու։ Ես փորձում եմ օգնել, որ այդ պահանջածի մի քիչն էլ իմ օգնությամբ անեն, կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ մյուս ընտրություններին մեկ ուրիշին կընտրեն»։

Հարցին՝ ինչպե՞ս է օգնում, հանդիպո՞ւմ է վարչապետի հետ, խորհուրդնե՞ր է տալիս,  Արամ Սարգսյանն ասաց, որ կարեւոր խնդիրներով գրում է վարչապետին, հայտնում է իր տեսակետները, իսկ Փաշինյանի հետ շատ քիչ է հանդիպում, խորհուրդներ տալ էլ չի սիրում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 7-ին կայացավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը։ Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվեց երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունեց հռչակագիր, ստեղծվեց կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Տպել
Ամենաշատ