News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Տոնական օրերի մասին» օրենքում փոփոխություն են իրականացրել, եւ հանրային լսումներ չեն անցկացրել, մինչդեռ հանրային լսումները նման դեպքերում պարտադիր են. արդյունքում՝ խախտվել են իմ իրավունքները, որպես ՀՀ քաղաքացի, այդ պատճառով՝ «Բարի համբավի անձեռնմխելիության խախտման» դատական հայց եմ ներկայացրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքի խախտմամբ է ընդունել օրենքը՝ «քաղաքացու օրվա» տոնակատարության վերաբերյալ. «Իմ բուն բողոքի առարկան այն է, որ այդ օրենքի մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը, որը որ կառավարությունը կայացրել է, Սահմանադրության մի քանի հոդվածներ է խախտում. «ՀՀ Սահմանդրության Երրորդ հոդվածի առաջին կետը սահմանում է որ, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է։ 23-րդ հոդվածը, սահմանում է, որ մարդու արժանապատվության անխախտելի է։ 29-րդ հոդվածը սահմանվում է, որ խտրականությունը կախված քաղաքական կամ այլ հայացքներից արգելվում է։ 31-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ կյանքի, պատվի եւ բարի համբավի անձեռնմխելիության իրավունք»:

Նրա խոսքով՝ օրենքի այդ փոփոխությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խտրականություն է մտցնում իր քաղաքական հայացքներին եւ վիրավորում է իր անձն ու արժանապատվությունը. «Ինձ էլ անվանում է «չքաղաքացի»։ Այսինքն իմ բարի համբավի անձեռնմխելիության խախտում է տեղի ունենում։ Այսինքն՝ եթե ես չեմ ընդունում, որ անցած ամառ տեղի ունեցածը աննախադեպ, համաշխարհային պատմության մեջ թավշյա հեղափոխություն էր, ուրեմն ես քաղաքացի չեմ։ Դա վիրավորում է ինձ»,- ասաց Դանիելյանը, եւ նշեց, որ ենթադրում է՝ հանրային լսումներ չեն եղել, քանի որ հանրության մի ստվար զանգված կարող էր անհամաձայնությունը հայտնել այդ օրենքի հետ։

Հարցին՝ արդյոք դատարանը իր հայցը կբավարարի, Դանիելյանն ասաց, որ դատական համակարգը լիարժեք սնանկացվել է, եւ հույս չունի, որ դրական պատասխան կլինի. «Սա սկզբունքային դիրքորոշում է, ես իմ նման մտածող մարդկանց ուզում եմ ցույց տալ, որ մեր պետությունը դեռ չի հանձնվել, քանի դեռ կան մարդիկ, ովքեր պայքարում են։ Պահանջում եմ, որ դատարանը պատրադրի՝ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իր վիրավորանքի համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը երեկ երեկոյան դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին Արթուր Դանիելյանը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր քաղաքացի Արթուր Դանիելյանը կյանքում առաջին անգամ դատի է տվել: Նա հայց է ներկայացրել քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ: Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են: Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել: Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինել օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա: Նիկոլ Փաշինյանը եւ դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը, միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով, օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար: Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում...»,- գրել է Դանիելյանը:

Նշենք, որ դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ նաեւ Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պետք է վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:

Տպել
Ամենաշատ