News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր՝ մայիսի 12-ին, հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության  վարչությունից։

ԱԳՆ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ․

«2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խոր գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը: Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և պնդեցին դրանք հարգելու կարևորության վրա:

Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։

Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։

Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ