News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է Բիշքեկի հրադադարի հաստատաման 25-ամյակը, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին:  1994 թվականի մայիսի 9-ին պայմանագիրը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (1994-96թթ) Վալդիմիր Կազիմիրովը NEWS.am-ին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այդ ամենի նախապատրաստության մասին։

«Այդ ժամանակ ես գտնվում էի Բաքվում. մենք հանդիպել էինք Հեյդար Ալիեւի, պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի հետ եւ բանակցում էին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հրադադարի համաձայնագիր ստորագրելու շուրջ: Վերջերս ես հայտնաբերել եմ այդ թղթերը, որրոնց վրա գրված էր ապագա համաձայնագրի տեքստը»,- նշել է նա:

Վլադիմիր Կազիմիրովի խոսքով՝ Հեյդար Ալիեւը «բնավ չէր ցանկանում ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ միեւնույն փաստաթղթի տակ եւ նույն օրը, ինչպես սովորաբար ընդունված է միջազգային պրակտիկայում»:

«Եւ մենք պետք է գտնեինք այդ խոչընդոտները շրջանցելու տարբերակները: Եւ այդ ժամանակ մենք ոչ ստանդարտ որոշում կայացրինք. ցավոք, համաշխարհային պրակտիկայում այդօրինակ նախադեպեր չէին եղել: Մենք որոշեցինք, որ հրադադարը կստորագրվի տարբեր թղթերի վրա»,- հիշում է Վլադիմիր Կազիմիրովը:

Դեսպանի խոսքով՝ Բաքվում Մամեդովը ստորագրել էր այն պայմանների տակ, «որոնք մենք շարադրել էինք» թղթի մեր էջի վրա, իսկ ներքեւում նշված էին միայն երկու պաշտոններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ աջից Լեռնային Ղարաբաղի բանակի հրամատար: «Ես պետք է միայն կապ հաստատեի Լեռնային Ղարաբաղի հետ եւ ապահովեի ստորագրությունը: Նախապես ես արդեն համաձայնեցրել էի դա հեռախոսազանգի միջոցով: Այն ժամանակ դեռեւս գործում էր խորհրդային կառավարական կապը: Ես Բաքվից զանգել եի Ստեփանակերտ, համաձայնեցրել. ամեն ինչ պատրաստ էր: Անհրաժեշտ էր միայն ստանալ ստորագրությունը»,- հիշում է քաղաքական գործիչը:

Սակայն հանկարծակ Հեյդար Ալիեւն ասել է իրեն, որ պետք է զանգել Երեւան: Ըստ նրա՝ երկար ժամանակ ինքը փորձել է համոզել Ալիեւին, որ դա անօգուտ է, «որ Երեւանը, Հայաստանը չի ցանկանում դրան մասնակից լինել: Ես ելնում էի այն բանակցություններից, որոնք տեղի էին ունեցել մինչ այդ Երեւանի հետ: Մեր կարծիքները Երեւանի հետ տարբեր էին: Մենք ապացուցում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, որ նրանք եւս հակամարտության կողմ են, սակայն նրանք ամեն կերպ հերքում էին դա՝ ասես Հայաստանն ինչ-որ կերպ օգնում էր, սակայն ոչ ավելին՝ կարծես չէր մասնակցում հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ես վստահ էի, որ Հայաստանը չի ստորագրի»:

Հեյդար Ալիեւն  այնպիսի համառությամբ էր խնդրում ինձ այդ մասին, որ ես, ի վերջո, Բաքվից զանգահարեցի Երեւան՝ Դավիթ Շահնազարյանին, որը վարում էր ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող գործերը, եւ Շահեն Կարամանուկյանին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի օգնականն էր: Այնուհետեւ սպասում էինք Երեւանի պատասխանին: Շուրջ մեկուկես ժամ անց հնչեց Երեւանից զանգը եւ Դավիթ Շահնազարյանը հայտնեց ինձ, որ Հայաստանը նույնպես համաձայն է ստորագրել»:

Նա ընդգծում է, որ իր համար դա անսպասելի էր․ «Հեյդար Ալիեւը ճիշտ էր, որ պնդել էր ստորագրումը: Եւ այդ ժամանակ ես ստիպված էի տպված պաշտոնների մոտ ձեռագրով ավելացնել «Հայաստանի պաշտպանության նախարար» պաշտոնը: Այնուհետեւ, երբ արդեն ամեն ինչ ավատրված էր Բաքվում, ես մեկնեցի Մոսկվա: Զանգահարեցի Երեւան եւ Ստեփանակերտ, որ նրանք ֆաքսի միջոցով ինձ ուղարկեին արդեն ստորագրված փաստաթուղթը»,- ավելացրել է նա:

Վլադիմիր Կազիմիրովը պատմել է, որ անսպասելիորեն Երեւանից ուղարկվել էին Սերժ Սարգսյանի կողմից արված ուղղումները: Նրա խոսքով՝ համաձայնագրի տեքստից հեռացվել էր երկու արտահայտություն, որոնցից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Որպես բարի կամքի դրսեւորում՝ մենք ցանկանում էին նշել Մինսկի խմբի մասնակցությունն այդ հրադադարին: Սակայն Սերժ Սարգսյանն առաջարկել էր հեռացնել այդ արտահայտությունը: Այդ ընթացքում անսպասելիորեն ադրբեջանցիները արագորեն համաձայնեցին, եւ այդ կերպ տեքստը ստորագրվեց՝ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները հաշվի առնելով: Եւ մայիսի 10-ին Երեւանից Սերժ Սարգսյանը ֆաքսով  ուղարկեց ինձ տեքստը, իսկ մայիսի 11-ին Սամվել Բաբայանն ուղարկեց իր ստորագրածը Ստեփանակերտից: Մեկ այլ թուղթ, որը ստորագրվել էր Մամեդովի կողմից, ես բերել էի ինձ հետ Բաքվից: Բոլոր թղթերը դրվել էին միասին, քանի որ դրանց բովանդակությունը ամբողջովին նույնական էր: Իսկ ցանկացած համաձայնագրի էությունը պարտավորություններն են: Պարտավորությունները միանման էին: Այդպիսով, չնայած երեք տարբեր թղթերի վրա, բայց եւ կնքվել էր հակամարտության երեք կողմերի միջեւ համաձայնագիրը»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով՝ բանակցությունների ձեւաչափը կարող է լիարժեք համարվել Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեպքում:

«Ես չեմ նշի իմ կարծիքը ներկայիս միջնորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումների վերաբերյալ, սակայն կարծում եմ, որ բանակցությունների ձեւաչափը լիարժեք կհամարվեր Լեռնային Ղարաբաղի մասնակցության դեպքում: Ինչո՞ւ: Որովհետեւ հակամարտության էությունը հենց Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշելն է, եւ դա առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որոշելն արդեն 21-րդ դար չէ, այլ մոտավորապես 19-րդ դար է: Հետեւաբար անհրաժեշտ է, իհարկե, հենվել ԵԱՀԿ-ի փաստաթղթերի վրա»,- ասաց Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ նրա՝ 1994 թվականին Բուդապեշտում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ խոսքը միանշանակ վերաբերում էր հակամարտող բոլոր կողմերին:

«Հիշատակվել են ոչ թե երկու կողմերը, այլ նշվել է հենց «բոլորը» բառը, եւ հատուկ չեն շեշտադրվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը: Դրա հիման վրա այդ ժամանակ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լասլո Կովաչը՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը, 95-ի մարտին հրավիրված ԵԱՀԿ-ի ղեկավար խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ այդ հակամարտության շրջանակում նա հաստատել է ԵԱՀԿ-ի որոշումը, որ այդ հակամարտության մեջ մասնակցում են երկու պետությունները՝ նկատի ունենալով ԵԱՀԿ անդամ երկու պետությունները, ինչպես նաեւ՝ երրորդ կողմը (չակերտների մեջ)՝ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում՝ մասնակցում են այդ հակամարտության կարգավորման բանակցային բոլոր գործընթացներում»,- նշեց ռուս դիվանագետը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այնուհետեւ ստացվեց այնպես, որ մմիջնորդական ձեւաչափը․ «Մինսկի խումբն իր ծրագրերը եւ փաստաթղթերը չուներ: Նրանք ստիպված էին վերցնել մեր փաստաթղթերը, եւ այնուհետեւ միջնորդությունը ստաննձնեց Մինսկի խումբը: Ռուսաստանը դիտվում էր որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր բանակցային գործընթացում»:

Նա հիշեցրեց, որ մինչեւ 1997-ի ապրիլը բանակցություններն ընթանում էին հակամարտության երեք կողմերի միջեւ․ «Որեւէ երկկողմ ձեւաչափ հաստատելու մասին ԵԱՀԿ-ի բարձրագույն մարմինների այլ որոշումներ պարզապես չկան եւ չեն եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ