News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ մայիսի 12-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Հայրապետական Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում տեղի է ունեցել եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:

Սուրբ Պատարագը սկսվել է Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվել են դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվել է Սրբազան Խորհուրդը:

Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ:

Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվել է ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրել են իրենց երդմնագրերը:

Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվել է ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: 

Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները:

Տպել
Ամենաշատ