News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ չորս առեւտրային նավերից երկուսը, որոնք մայիսի 12-ի առավոտյան դարձել են դիվերսիայի օբյեկտ ԱՄԷ տարածքային ջրերում, սաուդյան լցանավեր են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սաուդյան մամուլի գործակալությանը։

«Սաուդյան երկու նավթային լցանավեր դարձել են սաբոտաժի թիրախ ԱՄԷ բացառիկ տնտեսական գոտում,- ասված է ալ Ֆալեհի հայտարարությունում։- Երկու նավերից մեկը գտնվում էր սաուդյան Ռաս Թանուրա նավահանգստի ճանապարհին՝ լիցքավորվելու եւ դեպի Միացյալ Նահանգներ ուղեւորվելու՝ Saudi Aramco-ի հաճախորդներին հասնելու համար»։ Հարձակումը «զոհերի եւ նավթի արտահոսքի չի հանգեցրել, բայց զգալի վնաս է հասցվել երկու նավերին»,- նշել է նախարարը։

Ալ Ֆալեհը դատապարտել է այդ դիվերսիան, որը, նրա խոսքով՝ նպատակ է դրել խափանել ծովային նավարկության ազատությունը, ինչպես նաեւ խախտել սպառողներին նավթի առաքման անվտանգությունը ողջ աշխարհում։ Սաուդցի նախարարը նշել է համաշխարհային հանրության պատասխանատվությունը նավթային լցանավերի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ  նման միջադեպերի հետեւանքների նվազեցման գործում, էներգետիկ շուկայի եւ ընդհանրապես գլոբալ տնտեսության համար։

Ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր, որ նախօրեի առավոտյան չորս առեւտրային նավերը «դարձել էին սաբոտաժի թիրախ» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր եւ տուժածներ, ինչպես նաեւ «վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր սուբստանցի արտահոսք» չի գրանցվել։ Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» եւ սկսել միջադեպի հետաքննությունը՝ «տեղի եւ օտարերկրյա կառույցների հետ համատեղ»։

Նավագնացությունը եւ նավահանգիստների աշխատանքը չի խախտվել։ Հայտարարությունում չի նշվել, թե ով է կարող է կանգնած լինել գրոհի հետեւում։ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են կատարվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ