Ապրիլի 29-ին Չինաստանում մեկնարկել է Expo Beijing 2019 Այգեգործության միջազգային ցուցահանդեսը։ Հայաստանը եւս ներկայացված է ցուցահանդեսին իր՝ «Ներդաշնակեցվելով բնությանը» խորագիրը կրող տաղավարով։ Հայաստանի տաղավարը նախագծվել եւ ապահովվել է դիզայներական լուծումներով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ։
Տաղավարում ներկայացված են Հայաստանից բերված այգեգործական մշակաբույսեր, օրինակ՝ երկու ծիրանի ծառ եւ խաղողի 2 որթատունկ, որոնք հայկական բնության թարմ եւ ներդաշնակ շունչ են տալիս տաղավարին։ Ներկայացված են նաեւ Հայաստանի լավագույն գինիները, հայկական կոնյակը եւ մրգերից պատրաստված ուտեստներ, չրերի ամբողջ տեսականին, սուջուխ ու լավաշ, չրաշոկոլադներ եւ մրգային ջեմեր, հայկական խալիներ, եկեղեցական հուշանվերներ եւ պարագաներ, հայկական գրեր եւ հայկական պատմական նշաններ։ Մեծ էկրանի վրա ցուցադրվում են Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային գրավչությունները եւ գինեգործությունը ներկայացնող հոլովակներ։
Հայկական տաղավարի ղեկավարը Կարեն Խաչատրյանն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի տաղավար է այցելում միջինում օրական 40000-42000 մարդ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունենում տարատեսակ միջազգային, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող համաժողովներ եւ քննարկումներ՝ ներգրավելով նոր այցելուների։
Ի թիվս այլ ԶԼՄ-ների՝ չինական CCTV հեռուստաընկերության ռեպորտաժում հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի տաղավարին։
Ցուցահանդեսին մասնակցում են 97 երկրներ եւ միջազգային ասոցիացիաներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 7-ը։
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, տարբեր երկրների առաջնորդներ, բարձրաստիճան հյուրեր։ Հայաստանից մասնակցել են Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը եւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։