News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թասմանիայի համալսարանի գիտնականները համոզված են, որ իրենց հաջողվել է ստեղծել հրաբուխների ժայթքման կանխատեսման միանգամայն նոր ճշգրիտ համակարգ։ Ինչպես տեղեկացրել է SBS հեռուստաալիքը, հայտնագործությունը հիմնվում է հավայան Քիլաուե հրաբխի 2018-ի ժայթքման ուսումնասիրման վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղետը Հավայներում իսկական փորձանք դարձավ կղզու բնակիչների համար, բայց հրաբխի այդքան երկար ժայթքումը (տեւել է 2018-ի մայիսի 4-ից մինչեւ հունիսի 5-ը) հնարավորություն է տվել գիտնականներին ուսումնասիրել հաբուխների վարքը եւ սովորել կանխատեսել այն։ Գիտնականների միջազգային խումբն Ավստրալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից նշել է, որ տատանումների արագության փոփոխությունները կարող են օգտագործվել նրա ժայթքման մոտավոր ժամկետը որոշելու համար։

«Քիլաուեի ժայթքումից 10 օր առաջ մենք հայտնաբերեցինք, որ տատանումները եւ  ցնցումները հրաբխի մագմատիկ խցի ներսում կտրուկ փոփոխվել են. այն կարծես անընդհատ սեղմվել է։ Սեյսմիկ ալիքների հաճախականությունը հիանալի ցուցանիշ է կանխատեսման համար։ Մագմայի ճնշման բարձրացմանը զուգընթաց՝ ցնցումները դառնում են ավելի հաճախակի, բայց երբ խցիկն այլեւս չի կարողանում մագման տեղափոխել, դրանց հաճախականությունը նվազում է»,- ասել է հրաբխագետ Գերիթ Օլիվերը Թասմանիայի համալսարանից։

Նրա խոսքով՝ Քիլաուեի ժայթքումից մի քանի օր առաջ հրաբխի մագմատիկ խցում ճնշումը բարձրանում էր, բայց ցնցումներն ու տատանումները հազվադեպ էին դարձել, իսկ հետո ընդհանրապես դադարեցին։ «Դա ցույց է տալիս, որ հրաբուխը էլ չի կարող պահել ճնշումը խցի ներսում, եւ լավան քայքայում է նրա պատերը, ուրեմն՝ ժայթքումը շատ մոտ է»,- ասել է հրաբխագետը։

Դոկտոր Օլիվերը եւ նրա գործընկերները հույս ունեն, որ այս նոր մեթոդը թույլ կտա կանխատեսել հրաբուխների ժայթքումը ողջ աշխարհում ավելի բարձր ճշգրտությամբ, աղետից առնվազն 3-5 օր առաջ։

Քիլաուեն ակտիվ հրաբուխ է Հավայան կղզիներում, մտնում է Hawai’i Volcanoes National Park ազգային պարկի կազմի մեջ։ Գտնվում է 1247 մետր ծովի մակերեւույթից բարձր, նրա հիմքը Խաղաղ օվկիանոսի 5,5 կիլոմետր խորությունում է։ Արթնացել է 1983-ի հունվարի 3-ին։

2018-ի սկզբին մի շարք ժայթքումներ է ունեցել, երկրաշարժ՝ 6,9 ուժգնությամբ։ Լավան դադարել է հունիսի 7-ին։ Աղետի հետեւանքով լիովին ոչնչացվել է երկու քաղաք (Կապոխո եւ Պունա), որոնց բնակիչները նախապես տարհանվել էին տարերային աղետի գոտուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ