News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է մեր հարգանքն ու սերը նվիրել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Մինչ այդ ասվել էր, որ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հաղթանակի զորավարների հիշատակի ֆոնդը մայիսի 12-14-ին Հայաստանում իրականացնելու է համաժողով՝ «Ճակատագրերը տարբեր են, բայց հաղթանակը մեկն է» վերնագրով։ Պատվիրակության կազմում վետերաններ են, ինչպես նաեւ հերոսների սերունդները՝ Հաղթանակի զորավարների հիշատակի ֆոնդի ղեկավար, ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնեւի դուստրը՝ Նատալյա Կոնեւան, զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստր Լարիսա Բաբաջանյանը եւ նրա թոռնուհին՝ Յուլյա Մարկոսը, ԽՍՀՄ եւ Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը՝ Նատաշա Ռոկոսովսկայան, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները՝ Կարինա Նաջարովան, Իվան Բաղրամյանը եւ նրա ծոռը՝ Անդրեյ Զայցեւը, Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը՝ Ալեքսեյ Գովորովը եւ այլք։

«Չկա ընտանիք, որի հայրերն ու պապերը մասնակցած չլինեն Մեծ հայրենականին։ Մենք բոլորս գիտենք եւ հիշում ենք ավագ սերնդի հերոսության մասին։ ՌՀՄ-ն 20 տարի մասնակցում է մայիսի 9-ի միջոցառումներին։ Հրավիրում ենք վետերաններին, նվերներ տալիս։ Անցած տարի վետերաններին հրավիրել էինք Հայաստան։ Անհրաժեշտ է նվիրել նրանց մեր հարգանքն ու սերը։ Ասել, որ նրանք չեն մոռացվել, փորձել օգնել։ Եվ սովորեցնել երիտասարդ սերնդին հարգել ու հետեւել նրանց օրինակին»,- նշել է Արա Աբրահամյանը։

Պատվիրակությունը կայցելի Գյումրի, 102-րդ ռուսական ռազմակայան, Էջմիածին։ Ավելի վաղ տեղի էր ունեցել այցելություն Գառնի-Գեղարդ, հանդիպումներ ՌԴ դեսպանությունում, նախագահի, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ