News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգում է, նրա հետ է կինը՝ Աննա Հակոբյանը եւ արտաքին գործերի նախարարը։ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ։ Ձեռքսեղմումի ժամանակ Քսավյե Բեթելին փորձեց հայերեն՝ «շնորհակալություն» ասել, բայց Փաշինյանի մի քանի հուշումից հետո էլ՝ չհաջողվեց։

Հայաստանի վարչապետին ողջունել են նաեւ խորհրդարանում, Փաշինյանը պատգամավորների պալատի նախագահի հետ քննարկել է ընդհանուր օրակարգի հարցեր, հանդիպել է նաեւ պատգամավորների հետ։ Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը մեկնել է Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին:

Այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Բակում երկրորդ նախագահի աջակիցները ակցիա են արել, նրանց կողքին ակցիա էր անում նաեւ Վարդգես Գասպարին՝ հակառակ կոչերով։ Սա բախումով է ավարտվել։

Վարդգես Գասպարին լրագրողներին պատմել է, որ քաշքշուք է եղել, եւ մեկը շշով հարվածել է իրեն, այտոսկրի վնասվածք է ստացել։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։

Աղմկոտ էր նաեւ դահլիճի դռների առաջ, դատական կարգադրիչները թույլ չէին տալիս Քոչարյանի աջակիցներին մուտք գործել դահլիճ։ Ի վերջ, դատավորի որոշմամբ նրանք մուտք գործեցին։ Դահլիճ եկավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Հիմքերը մի քանիսն էին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նիստերի դահլիճ է մտել ծառայողական մուտքով, ուրեմն, ըստ պաշտպան Ալումյանի՝ կասկած կա, որ չի պահպանվել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Պաշտպանները պնդել են նաեւ, որ դատավորը այս օրերի ընթացքում չէր կարող ծանոթանալ գործի 80 հատոր նյութերին։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը, նիստը հետաձգվեց։

Ի դեպ, նույն դատավորի՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել Բարձրագույն դատական խորհուրդը,  պատճառը՝ դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումն է, որ կատարվել է դիտավորությամբ կամ անփութությամբ։

Այս դատավարությանը մեղադրող կողմը ներկայացրել է 800 վկաների ցուցակ, նրանց մեջ են նաեւ Լեւոն Տեր-Պետրոյսյանը եւ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանները միջնորդել են հարցաքննել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ընդհանուր մոտ 10 հոգու։

Այսօր շարունակվեց մեկ այլ դատավարություն՝ Մանվել Գրիոգրայնի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով։ Ամբաստանյալների պաշտպանների պահանջով լրագրողներին արգելվեց նկարահանել նիստը։ Դալիճում էր նաեւ Մանվել Գրիգորյանը, որ բուժում է ստանում Նաիրի կենտրոնում։ Ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ, բժիշկները շնչառական սարք միացրին։ Նիստը շարունակվեց։ Մանվել Գրիգորյանը իրեն մեղավոր չճանաչեց՝ Ով քուչեքում ինչ խոսացել ա, գրել են. հայատարարեց նա, կինն էլ ասաց՝ մեղադրանքը հնարածին է։  Դատարանը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումը, որոշեց հետաձգել նիստը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան դեռեւս Արցախում է։ Նախկին նախագահը Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր, որ այցելելու է Ամարասի վանական համալիր, մարտական ընկերների շիրիմներին։ Շաբաթ օրը նա վանական համալիրում էր, երեկ Ասկերանի շրջանում՝ այն վայրում, որտեղ զոհվել է Մոնթեն եւ ի հիաշտակ նրա ու մյուս զոհվածների տեղադրվել է հուշարձան։ Սերժ Սարգսյանի ուղեկցում է նախագահ Բակո Սահակյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ եւ կազմակերպություններ միավորվել են եւ ձեւավորել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Առաջին հավաքը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Նրանք հայտարարել են, որ Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է Ռոբերտ Քոչարյանին, որը, ըստ նրանց, գտնվում է ապօրինի կալանքի մեջ եւ պետք է ազատ արձակվի։

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի երկրորդ՝ հայերեն տարբերակն է լույս տեսել։ Շնորհանդեսը երեկ էր, ներկա էին նրա ընտանիքը, հասարակական գործիչներ, համախոհներ։ Քոչարյանի տիկինը հայատարարել է՝ գիրքը լեցուն է այնպիսի փաստերով, որոնց մասին իրենք տեղյակ չեն եղել, այն խորհուրդ ունի և շատ օգտակար կլինի երիտասարդների համար։ Վերջում Քոչարյանի կրտսեր որդին ընթերցել է հոր ուղերձը․ երկրոդ նախագահը հույս է հայտնել, որ նոր իրադարձությունները, որոնք նոր գրքի նյութ են դառնալու, իրենց երկար սպասել չեն տա։

Երեւանում հին ու խախրխուլ վերելակները կամ ինչպես Հայկ Մարության էր նախընտրական օրերին հայտարարում՝ մահվան վերելակները կփոխարինվեն նորերով։ Սա ծրագիր է, որ Երևանի բոլոր շենքեր կհասնի 3-4 տարում, այսօր ասել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Այս կոմֆորտի համար սակայն վճարելու են բնակիչները, վերելակը արժի 10 միլիոն դրամ, մարման ժամկետը 25 տարի է։ Իսկ տրանսպորտային նոր ցանցը՝ քաղաքային հին ու նոր իշխանությունների գլխավոր խոստումը, շատ թանկ արժի՝ մինչեւ 250 միլիոն եվրո։ Այս բարեփոխման գինը եւս վճարելու են բնակիչները։

Դաժան ծեծի հետեւանքով մահացած 30-ամյա կինը եղել է հղի։ Հրապարակվել են դիահերձման արդյունքերը։ Մարիամ Ասատրյանը սպանվել էր մայսի 8-ի երեկոյան Այնթափ գյուղի դաշտում։ Ձերբակալվել է 26-ամյա Հակոբ Օհանյանը։ Նա պատմել է, որ կինը իրեն հայհոյել էր, ինքն էլ չէր դիմացել ու ռետինե խողովակով, մահակով եւ այլ իրերով ծեծել էր նրան։ Քիչ անց նկատել էր, որ Մարիամն անշարաժացել է, նրան տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ արձանագրվել էր կնոջ մահը։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 481 դրամ, եվրոն 540 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 37 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը