News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ մայիսի 13-ին մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես  է եկել ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ հնարավորություն է գնահատելու առաջին տասը տարիների ընթացքում Արեւելյան գործընկերության արձանագրած ձեռքբերումները եւ քննարկելու համագործակցության հեռանկարները. «ԱլԳ վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ, գնահատականներ եւ ընկալումներ ինչպես վեց գործընկերների, այնպես էլ՝ ԵՄ անդամների շրջանում։ Այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը նաեւ նշանավորվեց Եվրոպական Միության եւ արեւելյան վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ եւ մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջեւ: Արեւելյան գործընկերությունը նաեւ շատ կարեւոր եւ ամուր հարթակ է ԵՄ հետ մեր երկկողմ համագործակցության համար»։

Հայաստանի համար Արեւելյան գործընկերության համատեքստում նախարար Մնացականյանն առանձնացրել է երեք գործոններ, որոնցից առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն եւ ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի նշանավորումն էր Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը: Որպես երկրորդ գործընթաց առանձնացվել է Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր արժեքների կարեւորումը՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաեւ կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության եւ համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Իսկ որպես երրորդ գործոն Զոհրաբ Մնացականյանն առանձնացրել է Հայաստանի յուրահատուկ ներդրումը Եվրոպայում ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում, որը լիարժեքորեն արտահայտվել է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ:

«Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝  հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի եւ անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման եւ հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվության ընդունման վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական եւ գիտական փոխանակումների ապահովմանը»:

Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ եւ գործընկերների միջեւ առավել ներառական տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն առավել կարեւորեց ԱլԳ-ի թվային, բնապահպանական, ֆինանսական եւ այլ ոլորտային օրակարգերի ընդլայնումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ շեշտել է, որ Արեւելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ պաշտպանության, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի եւ անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին եւ արժեքահեն հարաբերություններին, ուստի Հայաստանը պատրաստակամ է համատեղ աշխատել՝ ընդլայնելու Արեւելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության եւ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

Անդրադարձ կատարելով առկա մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը եւ առճակատմանը դիմակայելու համար անհրաժեշտ է Եվրոպայում խորացնել համագործակցության ներուժը եւ կարողությունները: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԳ նախարարը կարեւորել է ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծվել է, որ այս սկզբունքները եւ դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ