News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստորագրվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը:

«Այսօր ստորագրվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների եւ ԱՄԿ-ի միջեւ սերտ գործունեության եւ փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է, որով սահմանվում են գալիք 4 տարիների ընթացքում մեր համագործակցության գերակայությունները, ռազմավարությունները եւ սպասվող արդյունքները»,-  այս մասին «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ծրագիրն, որը սահմանում է ԱՄԿ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները եւ իրականացման ռազմավարությունները 2019-2023թթ. համար, ստորագրվեց նախարար Զարուհի Բաթոյանի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանց Քոլլերի, Հայաստանի գործատուների հանրապետական միության  նախագահ Գագիկ Մակարյանի  եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի կողմից:

Այն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ եւ, միեւնույն ժամանակ, կառավարության եւ սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակներից է:

Կարեւորելով սոցիալական գործընկերների դերը ծրագրի պատրաստման եւ իրականացման գործում, Զ. Բաթոյանը նշեց. «Կցանկանայի նաեւ հատուկ ընդգծել սոցիալական գործընկերների անմիջական դերն ու ներդրումը ծրագրով նախանշված արդյունքների ապահովման եւ ոլորտի բարեփոխումների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա եւ հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի հետագա շարունակական զարգացման համար»:

Ծրագիրը երեք հիմնական գերակայութուն ունի՝ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող       մեխանիզմների կատարելագործում, զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց եւ տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում եւ սոցիալական երկխոսության եւ կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում բոլոր մակարդակներում:

Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանց Քոլլերն ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է մասնակցային կերպով՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին.

«Այս ծրագրում ներկայացված են ոչ միայն այն ստորագրող կողմերի առաջնահերթությունները, այլեւ ՄԱԿ-ի Զարգացման եւ աջակցության 2016-2020 թթ. Առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ Կայուն զարգացման նպատակները: Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝  Հայաստանի պատրաստակամությունը: Շատ ուրախ կլինենք մասնակցել աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում ակնկալվող օերնսդրական փոփոխություններին եւ Զբաղվածության ռազմավարության մշակմանը»,- ասաց Հ. Քոլլերը:

Ըստ նրա՝ որեւէ կայուն առաջընթաց հնարավոր չի լինի՝ առանց  սոցիալական երկխոսության եւ սոցիալական արդարության:

Նշենք, որ այս տարի ԱՄԿ-ն տոնում է իր ստեղծման 100-ամյակը: Այս կապակցությամբ Զ. Բաթոյանը շնորհավորեց գործընկերներին, նշելով, որ ստորագրված ծրագիրը կդառնա կազմակերպության պատկառելի գործունեության շարունակությունը.

«Մեծ պատիվ է, որ այսօրվա միջոցառումը եւ այս կարեւոր փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյա հոբելյանի շրջանակներում, մի կազմակերպություն, որն իր երկարամյա գործունեության ընթացքում անվերապահորեն պայքարել է սոցիալական պաշտպանության եւ արդարության, աշխատանքային իրավունքների եւ սոցիալական երկխոսության աներկբա գերակայության եւ ապահովման համար»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ