News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռեւս մի քանի տարի առաջ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելը եւ արեւային էլեկտրակայաններ տեղադրելը ոչ շահավետ էր համարվում դրանց բարձր արժեքի պատճառով, բայց այսօր, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իրավիճակը փոխվում է, եւ վերականգնվող էներգետիկայի օգտագործումը դառնում է ավելի գրավիչ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ամերիաբանկի» կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

«Ամերիաբանկի» «Արեւային լիզինգ» ծրագիրը GEFF (Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագիր) կազմակերպության հետ համատեղ վերականգնվող էներգետիկայի ոլորտում կատարվող ներդրումները դարձնում է ավելի գրավիչ. ծրագրի շրջանակում մասնավոր ձեռներեցները եւ իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են արեւային էլեկտրակայաններ տեղադրել, ոչ միայն շահավետ պայմաններով վարկավորում կստանան, այլեւ կարող են ֆինանսավորման հիմնական գումարի 20 տոկոսի չափով վերադարձի (քեշբեք) հույս ունենալ իրենց հաշվին՝ վերադարձված գումարն ազատ տնօրինելու հնարավորությամբ, այդ թվում վարկի հիմնական գումարը ժամկետից շուտ մարելու համար։

Նման վարկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ ծրագրի էներգաարդյունավետության եւ նախագծի ընդհանուր արժեքի 20-30 տոկոսի համաֆինանսավորման պատրաստակամության մասին։ Առաջարկությունը նախատեսված է մինչեւ 500 000 դոլար արժողությամբ փոքր կայանների կառուցման համար։

Ծրագրի բոլոր հնարավորությունները ներկայացնելու եւ բոլոր ֆինանսավորող կազմակերպություններին, պոտենցիալ եւ գործող ներդրողներին եւ արեւային էներգիայի օգտագործմամբ աշխատող սարքավորումներ արտադրողներին մեկ հարթակում ի մի բերելու համար «Ամերիաբանկն» այսօր՝ մայիսի 14-ին, կազմակերպել է համաժողով «Արեւային լիզինգի» թեմայով, որին մասնակցում են փորձագետներ գործընկեր կազմակերպություններից, կառավարության ներկայացուցիչներ եւ արեւային վահանակներ ու կայաններ մատակարարողներ։

«Արեւային լիզինգ» ծրագիրը մեկնարկել է մոտ 6 ամիս առաջ, եւ այդ ընթացքում բանկն արդեն ֆինանսավորում է տրամադրել 30 կազմակերպության՝ պորտֆելը հասցնելով 3 մլրդ դրամի։

«Ամերիաբանկը» միշտ շատ ակտիվ աշխատել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ժամանակին մենք ակտիվորեն ֆինանսավորել ենք հիդրոկայանների շինարարությունը, իսկ այժմ կենտրոնացել ենք արեւային էլեկտրակայանների վրա: Վերջին կես տարում մենք արդեն 3 մլրդ դրամի չափով պորտֆել ենք կառուցել, աշխատում ենք գրեթե բոլոր միջազգային կառույցների հետ, որոնց համար կարեւոր է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը», - ասաց Գագիկ Սահակյանը:

Հայաստանում GEFF նախագծի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին, իր հերթին, նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող GEFF նախագիծը աջակցում է գործարարներին եւ ֆիզիզկական անձանց, որոնք ներդրումներ են կատարում, այսպես կոչված, «կանաչ տեխնոլոգիաներում»:

Նախագիծը վերջերս է սկսել իր աշխատանքը, սակայն մասնագետի խոսքով, շուկայում պահանջարկը շատ մեծ է. գործարարներին իսկապես հետաքրքրում է վերականգնվող էներգետիկայի աղբյուրների օգտագործումը, այդ թվում արեւային:

Անդրո Բութխուզիի խոսքով՝ Հայաստանում ծրագրի ընդհանուր ֆոնդը ներկայումս կազմում է մոտ 20 մլն դոլար: Ծրագիրը նախատեսված է 3-4 տարով, սակայն այն այլ ուղղություններով երկարաձգելու հնարավորություն կա:

«Այս ծրագրի գլխավոր տարբերությունն այն է, որ խթանում է «կանաչ ներդրումները». եթե գործարարը արեւային էլեկտրակայան է կառուցում, նա կարող է վարկի գումարից մինչեւ 20 տոկոս քեշբեք հետ ստանալ:

Բացի այդ, բանկերը հնարավորություն ունեն արագ որոշել, թե որքանով է այդ ներդրումը համապատասխանում «կանաչ» տեսակին: Կա որոշակի ինտերնետ ռեսուրս, որի միջոցով նրանք կարող են դա անել, այսինքն՝ նրանք մեծ անկախություն ունեն», - ասաց Բութխուզին:

GEFF-ից Միխայիլ Գեւորգյանն, իր հերթին, նշեց, որ «կանաչ» կարող են համարվել սարքավորումների/նախագծերի մեջ կատարվող ներդրումները, որոնք աշխատում են վերականգնվող էներգետիկայի, պաշարների (օրինակ՝ ջրային) օգտագործման, ածխաթթու գազի արտանետումների կրճատման, ինչպես նաեւ գոնե 20 տոկոսով էներգաարդյունավետության բարձրացումն ապահովող ոլորտներում: Եթե մարդը բանկ է դիմում՝ ցանկանալով վարկ վերցնել նոր սարքավորումների  ձեռքբերման համար, առաջին հերթին ցանկալի սարքավորումը համեմատվում է նախկինում հաճախորդի օգտագործածի հետ կամ նման միջինշուկայական սարքավորման հետ: Եթե նոր սարքավորումը թեկուզ 20 տոկոսով էներգաարդյունավետ է, քան նախկինը կամ միջինշուկայականը, նշանակում է այդպիսի ներդրումն այս ծարգրի համար ընդունելի է համարվում, եւ այն կարող է ֆինանսավորվել:

«20 տոկոսն առաջին հայացքից կարող է շատ մեծ թիվ թվալ, բայց մենք տեղական շուկան ուսումնասիրել ենք եւ պարզել, որ այս ոլորտում գրեթե բոլոր նոր սարքավորումները 30-40 տոկոսով էներգաարդյունավետություն են ապահովում՝ ավելի հնի համեմատությամբ: Այնպես որ, եթե ներդրումն ուղղված է նոր սարքավորման ձեռքբերմանը, այն, ամենայն հավանականությամբ, էներգաարդյունավետ կլինի»,- ասաց Միխայիլ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս պահին էներգիայի առավել տարածված աղբյուրն է շարունակում մնալ բնական գազը՝ էներգիայի ընդհանուր սպառման 57 տոկոս, այնուհետեւ էլեկտրաէներգիան՝ 22 տոկոս, բիոզանգվածի եւ աղբի էներգիան կազմում է 7 տոկոս: Ուշագրավ է, որ երկրում էլեկտրականության 43 տոկոսն արտադրվում է բնական գազի օգտագործմամբ, 30 տոկոսը հիդրոէներգետիկան է, 27 տոկոսը՝ ատոմային էներգիան: 2018 թվականի սկզբի տվյալներով՝ քամու էներգետիկան եւ արեւային էներգետիկան գործնականում չեն օգտագործվել, չնայած այս ոլորտում ահռելի ներուժ կա՝ Հայաստանում արեւոտ օրերն անհամեմատ ավելի շատ են, քան եվրոպական երկրների մեծ մասում:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի առավել ակտիվ օգտագործումն անչափ կարեւոր է, դա ոչ միայն կօգնի նվազեցնել էկոլոգիական ռիսկերը, այլեւ կնվազեցնի հանածո վառելիքի ներմուծման ծավալները, ինչի հետեւանքով երկիրը ավելի քիչ կախված կլինի այն երկրից, որտեղից այդ վառելիքը ներմուծվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ