
Զրպարտություններն այն մասին, թե իբր ՌԴ-ն գործարքի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, լիակատար կողծիք են՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա հույս է հայտնել, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հրապարակումից հետո օվկիանոսից այն կողմ կրքերը կհանդարտվեն, եւ կարելի կլինի վերջապես առաջ շարժվել առավել կառուցողական փոխգործակցության կարգավորման, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պրոֆեսիոնալ երկխոսության հարցում։
Նրա խոսքերով, Պոմպեոյի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել երկրների միջեւ այն կապերը, որոնք սառեցվել էին ՌԴ-ի հասցեին անհիմն մեղադրանքների ալիքի պատճառով։
Լավրովը նշել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածությունը բացասաբար է ազդում աշխարհում ընդհանուր իրավիճակի վրա, եւ պետք է ձգտել ուղղել դա։
Նա հանդես է եկել ԱՄՆ եւ ՌԴ փորձագիտական ոչ կառավարական խմբի եւ երկու երկրների գործնական խորհրդի ստեղծման առաջարկով։
Նախարարի գնահատականով, փորձագետները կողքից հայացքով կօգնեն որոշել, թե ինչպես Մոսկվան եւ Վաշինգտոնը հաղթահարեն կուտակված փոխադարձ անվստահությունը, առաջին հերթին պաշտպանական ոլորտում գործողությունների ճիշտ մեկնաբանման եւ սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, իսկ հետագայում նաեւ այլ ոլորտներում համագործակցությունը կազմակերպելու համար։