News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հայ պարարվեստի հայտնի գործիչ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Գյանջումյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սուրեն Գյանջումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` մայիսի 16-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց:

2019 թ. մայիսի 14-ին կյանքից հեռացավ հայ պարարվեստի մեծ երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության վարչության անդամ, պարուսույց, բալետմայստեր Սուրեն Հովհաննեսի Գյանջումյանը:

Ծնվել է 1932 թվականին Երևանում:

Որպես մենապարող հանդես է եկել Երվանդ Սահարունու անվան երգի-պարի անսամբլի կազմում` Վանյա Ղարիբյանի ղեկավարությամբ: 1957 թվականին Երևանի էլեկտրական ճշգրիտ սարքերի գործարանում հիմնում է ժողովրդական պարի համույթ: 1958 թվականին Երևանի առևտրի տանը ստեղծում է մանկապատանեկան և երիտասարդական պարային համույթներ, որոնք ղեկավարում է մինչև 1983 թվականը:

1965 թվականին Սուրեն Գյանջումյանը հիմնադրում է Ժողովրդական կոլեկտիվ «Կանազ» պարային համույթը, որի համբավն ու ճանաչումը մեծապես կապված է եղել բալետմայստերի ակտիվ ստեղծագործական գործունեության հետ:

Ս. Գյանջումյանի ղեկավարությամբ «Կանազ» պարային անսամբլը մասնակցել է աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներում՝ բազմիցս արժանանալով բարձրագույն պարգևների:

1966-1971 թվականներին Սուրեն Գյանջումյանն ընդունվում և հեռակա կարգով ավարտում է Սանկտ Պետերբուրգի պարուսույցների արհմիութենական բարձրագույն դպրոցը: Այդ նույն տարիներին հմուտ և բանիմաց պարուսույցն աշխատում է նաև Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես ռիթմիկայի և պլաստիկայի պարուսույց-մանկավարժ:

1967-1971 թվականներին փորձառու բալետմայստերը Երևանի երկաթուղայինների մշակույթի պալատում հիմնում է ժողովրդական պարի անսամբլ, իսկ 1973 թվականին հիմնում և ղեկավարում է «Գարուն» մանկապատանեկան համույթը: Համույթում բեմադրում է երկու տասնյակի հասնող պարային համարներ:

1974 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվում է Խորհրդային Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում: 1975 թվականին Սուրեն Գյանջումյանին շնորհվել է ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

1993 թվականին Ս. Գյանջումյանի բեմադրությունները Իտալիայի Ագրիջենտոյի միջազգային պարերի մրցույթներին նվաճել են համերաշխության և հավատարմության «Ոսկե տաճար» մրցանակը:

2009 թվականից Ս. Գյանջումյանը դասավանդում էր Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության ամբիոնում:

2004 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է Երևանի պատվավոր քաղաքացու բարձր կոչումը:

2007 թվականին Ս. Գյանջումյանին շնորհվում է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:

Սուրեն Գյանջումյանը ազգային պարարվեստի անխոնջ պահապաններից էր, հայկական ժողովրդական պարարվեստի պարուսուցման զարգացման և տարածման նվիրյալ: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման նոր մեթոդներ: Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում:

Սուրեն Գյանջումյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, պարի տաղանդավոր վարպետ և մեծ մանկավարժ, հայկական ազգային պարարվեստի երախտավոր»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ