
ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, համաձայնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի օրենսդիրների պահանջին՝ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ռուսաստանի միջամտությանը 2016 թվականի ընտրություններին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։
Ինչպես փաստում է պարբերականը, այդ կոմիտեի նախագահ Ռիչարդ Բերը անցած շաբաթվա վերջին մյուս հանրապետականներին տեղեկացրել էր այն մասին, որ Թրամփ-կրտսերին ծանուցմամբ կանչել են լսումների։ Ըստ Բերի՝ մինչ այդ ԱՄՆ նախագահի որդին երկու անգամ ընդունել է հրավերը՝ ելույթ ունենալ օրենսդիրների առջեւ, բայց ավելի ուշ հրաժարվել է։ Թրամփ-կրտսերին ծանուցում ուղարկելու որոշումը քննադատություն է առաջացրել ԱՄՆ նախագահի կողմնակիցների շրջանում։
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի որդին եւ օրենսդիրները պայմանավորվել են, որ հանդիպումը փակ է լինելու եւ կայանալու է հունիսի կեսին։ Այն կշարունակվի ոչ ավելի, քան չորս ժամ։ Օրենսդիրները կկարողանան հարցեր տալ միայն մի քանի թեմաների վերաբերյալ։
2017-ի դեկտեմբերին Դոնալդ Թրամփ-կրտսերն արդեն հանդես եկել էր հատուկ կոմիտեի փակ լսումներում Ռուսաստանի միջամտության հարցով։ 2017-ի հունվարից ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեն սեփական հետաքննություն է վարում։ Բերն ավելի վաղ ասել էր, որ քննությունը կավարտվի առաջիկա ամիսներին։
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ապրիլի 18-ին հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ամփոփիչ զեկույցը, որը 2017 թվականի մայիսից զբաղվում էր հետաքնությամբ՝ պարզելու, թե արդյոք Ռուսաստանը փորձել է ներգործել ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա։ Մյուլլերը խոստովանել է, որ Մոսկվայի հետ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի աշխատակիցների որեւէ դավադրություն հայտնաբերել չի հաջողվել։ Նախագահը եւ նրա օգնականները քանիցս հերքել են ՌԴ պաշտոնական անձանց հետ անիրավաչափ որեւէ շփման կասկածները։ Մոսկվան նույնպես բազմաթիվ անգամներ հերքել է ԱՄՆ ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները։