
Նեպալցի շերպա ուղեկցորդ Քամի Ռիթան հերթական անգամ ռեկորդ է սահմանել Էվերեստը հաղթահարելու թվաքանակով՝ բարձրանալով աշխարհի ամենաբարձր լեռը 23-րդ անգամ, տեղեկացնում է ՌԻԱ-«Նովոստի»-ն՝ հղում կատարելով Himalayan Times պարբերականին։
Ինչպես տեղեկացրել է Seven Summit Treks ընկերության տնօրեն Մինգմա Շերպան, որն արշավներ է կազմակերպում դեպի Էվերեստի գագաթ, Նեպալի Սոլուկհումբու շրջանում ապրող 49-ամյա Քամի Ռիթան աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը հաղթահարել է չորեքշաբթի, ժամը 7.50-ին։
«Քամի Ռիթան Seven Summit Treks-ի արշավախմբից Նիմա Վանգդի Շերպայի հետ միասին պատմություն է կերտել աշխարհի տանիքին»,- պարբերականին ասել է Մինգմա Շերպան։
Պարբերականը նշում է, որ իր առաջին վերելքը Էվերեստ Քամի Ռիթան կատարել է 1994 թվականին։ 2018-ի մայիսին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կատարելով 22-րդ վերելքը լեռան գագաթին։
Առաջին վերելքը աշխարհի ամենաբարձր լեռնագագաթին տեղի է ունեցել 1953 թվականի մայիսի 29-ին շերպա Թենցինգ Նորգեեմի եւ նորզելանդացի Էդմունդ Հիլարիի կողմից։