News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2018-ի ծնելիության ցուցանիշները վերջին 32 տարում ամենացածրն են եղել։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով երկրում ժողովրդագրական իրավիճակի մասին կառավարության վերջին զեկույցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անցած տարի ԱՄՆ-ում, համաձայն ներկայացված տվյալների, գրանցվել է 3,79 մլն նորածին, ինչը 2 տոկոսով քիչ է նախորդ տարվա համեմատ։ Վերջին անգամ այսքան ցածր ցուցանիշ գրանցվել է 1987-ին։

Ծնելիությունն ԱՄՆ-ում շարունակում է նվազել 2014-ից։ Անցած տարի ծնելիության գործակիցը 15-44 տարեկան կանանց համար նվազել է ռեկորդային ցածր նիշի՝ 59 նորածին 1000 կնոջ հաշվարկով։ Ընդ որում՝ նման միտում նկատվում է ոչ միայն երկրի սպիտակամորթ բնակչության, այլ նաեւ աֆրոամերիկուհիների, լատինամերիկուհիների եւ ասիական ծագմամբ բնակչուհիների շրջանում, ասվում է զեկույցում։

Երիտասարդ ամերիկուհիները, ինչպես նշում են փորձագետները, վերջին ժամանակներս ավելի շատ ձգտում են կարիերային հաջողության եւ նյութական բարեկեցության հասնել, դրա համար էլ հետաձգում են երեխա բերելը։ Միակ տարիքային խումբը, որը 2018-ին ծնելիության աճ է գրանցել, 40-ից բարձր տարիքի կանայք են։ 1980-ից սկսած՝ նրանք մեծ ավանդ են ներդնում ԱՄՆ ազգաբնակչության ավելացման գործում։

Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել, որ ծնելիության անկումը տեղի է ունենում երկրի տնտեսական աճի ֆոնին, իսկ տնտեսական վերելքը սովորաբար ուղեկցվում է նորածինների թվի ավելացմամբ, բայց անցած տարի դա տեղի չունեցավ։ Դեռեւս տասը տարի առաջ երկրում մեկ կնոջը միջինը 2,1 երեխա էր բաժին ընկնում, 2018-ին այդ ցուցանիշը նվազել է 1,7-ի։

Մարդահամարի դաշնային բյուրոյի գնահատականներով՝ երկրում անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ ապրում էր 327,9 մլն մարդ։ Յուրաքանչյուր 8 վայրկյանը մեկ ծնվում է մեկ երեխա, 12 վայրկյանը մեկ բնակիչներից մեկը մահացել է, 28 վայրկյանը մեկ ներգաղթող է եկել։ Միջինը ստացվում է, որ յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ  բնակչությունը համալրվել է մեկ մարդով։

Ինչպես նշել են բյուրոյի աշխատակիցներրը, ԱՄՆ-ը դառնում է ավելի բազմառասա երկիր՝ սպիտակ բնակչության անշեղ կրճատմամբ։ Եթե այս միտումը պահպանվի, ընթացիկ հարյուրամյակի կեսին սպիտակները ԱՄՆ-ում կկազմեն երկրի բնակչության կեսից քիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ