
Թեհրանը չի չեղարկի միջուկային ծրագրի վերանայման իր որոշումը եւ կընթանա առաջ, ինչպես եւ նախատեսվում էր։ Այս մասին ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք կիրականացնենք մեր ծրագրերը (վերանայելու պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակում)»,- ասել է Վաեզին կառավարության նիստի շրջանակներում։
Անցած շաբաթ Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է համաձայնագրի շրջանակում իր մի քանի պարտավորությունների կատարումը եւ 60 օր է տվել պայմանագրի մյուս կողմերին իրենց պարտավորությունները կատարելու համար, մանավանդ նրանք, որոնք վերաբերում են Թեհրանի տնտեսական շահերին բանկային եւ էներգետիկ ոլորտներում։
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը փորձել է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա՝ նոր պատժամիջոցներ մտցնելով, ներառյալ Իրանում ուրանի ցածրամակարդակ հարստացման սահմանափակումները։
Մայիսի 15-ին Թեհրանը պաշտոնապես դադարեցրել է համաձայնագրով նախատեսված իր որոշ պարտավորությունների կատարումը։
Վաեզին նասեւ ասել է, որ Իրանը չի ընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկությունը, եւ հենց ամերիկացիները ստիպված կլինեն փոխել իրենց վարքագիծն ապագայում։ «Նախագահ Հասան Ռոհանին արդեն հայտարարել է միջուկային համաձայնագրին Իրանի հավատարմության մասին եւ ասել, որ նրանք, ովքեր դուրս են եկել գործարքից, պետք է սկզբում վերադառնան դրան»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանյան միջուկային համաձայնագրից անցած տարվա մայիսին։