News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:

Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրել այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցություններն իրականացվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց հետ տեսակցող անձանց տրամադրվում են դիմակ եւ այլ տեսակի միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու եւ այդպիսով տեսակցող անձի առողջությունը պահպանելու նպատակով: Բացի այդ, տեսակցության սենյակում պարբերաբար կատարվում են օդափոխման, ինչպես նաեւ մանրէազերծման աշխատանքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականին հեղինակած «Բանտերը եւ առողջությունը» խորագրով ձեռնարկում անդրադարձ է կատարվել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանց տեսակցության հետ կապված հարցին՝ շեշտադրելով, որ նշված հիվանդություններով անձանց հետ տեսակցողների վարակումը բացառելու նպատակով անհրաժեշտ է նման տեսակցությունները կազմակերպել բացօթյա տարածքում՝ համապատասխան միջոցների առկայության պայմաններում:

Բացի այդ, նշվում է, որ այս նախա¬¬գծերի ընդու¬նումը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Տպել
Ամենաշատ