News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը առաջադրվել էր Սահմանադրան դատարանի դատավորի պաշտոնի համար, տարածած հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի ընտրությունը, որը կանգ է առել Արթուր Վաղարշյանի վրա:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը առաջադրված ինը թեկնածուներից ընտրել էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանին։

Վահե Գրիգորյանն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է:

«Սիրելի ընկերներ, այսօր տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։

Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն գործընթացում հավակնորդ լինելու կարգավիճակովս, ձեռնպահ եմ մնացել այս գործընթացի մասին հրապարակայնորեն արտահայտվելուց, բացառությամբ 2 դեպքի, երբ իմ անվան շուրջ հրահրվող անտեղի աղմուկին արձագանքելու անհրաժեշտություն է եղել։

Ինձ մեկնաբանությունների համար բազմաթիվ լրագրողների դիմումներին ի պատասխան Հանրապետության նախագահի կողմից այսօր կայացված որոշման մեկնաբանության խնդրանքով եւ տրված հարցերի համահավաք պատասխանի տեսքով ցանկանում եմ այս հրապարակմամբ հայտնել իմ դիրքորոշումը, որով, հուսով եմ, սպառիչ պատասխանած կլինեմ։

1․ Ընթացակարգի մասով․

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։

Այս խորհրդակցական/մրցութային ընթացակարգն ուներ իր թերությունները, որոնք սակայն աննշան էին իր գոյության առավելությունների համեմատ։ Աննշան փոփոխությամբ այս ընթացակարգը կիրառվեց նաեւ այս տարվա սկզբին առաջադրման ընթացքում։

Ներկա առաջադրման համար հիմք ծառայած խորհրդակցական համակարգն ինձ առավել բովանդակային է թվում եւ պակաս ֆորմալիստական, քան անցած նախորդ ընթացակարգերը։ Եւ սա ներառականության սկզբունքով էվոլյուցիայի հետեւանք եմ համարում, ինչի վերջնարդյունքը, իհարկե, նախընտրելի կլիներ երբեւէ ունենալ օրենսդրական ամրագրմամբ։

Ընթացակարգի մասով ես համոզված եմ, որ այն ամբողջովին ինֆորմացված որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռել, որից եւ օգտվել է առաջադրող սահմանադրական մարմինը՝ Հանրապետության նախագահը։

2․ Նախագահի որոշման հիմնավորվածության մասով․

Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի եւ իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ բարեխիղճ քննության արդյունքում։ Վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման սահմանադրական լիազորության սուվերեն կամքով իրականացման արդյունքում։

Խնդրի լուծումն արդեն փոխանցվել է գործընթացին մասնակից հաջորդ սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի  որոշմանը։

ՀԳ․ Ինքս ծանոթ չեմ թեկնածուին եւ իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն Ազգային ժողովին է ներկայացնելու Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եւ դրանց իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու եւ դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում»:

Նշենք, որ ՍԴ դատավորի անդամի թեկնածության հարցը ԱԺ-ն կքննի մայիսի 29-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ