News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանից ձեռք բերվող Ս-400 զենիթահրթիռային համալիրները կլինեն Անկարայի լիակատար հսկողության ներքո: Նա այս մասին ասել է Լատվիա այցի ժամանակ, հայտնում է Hurriyet պարբերականը:

«Տարածված կարծիքի համաձայն՝ Ս-400-ները սպառնալիք կներկայացնեն F-35 կործանիչներին: Այս համակարգերը ամբողջությամբ կլինեն մեր վերահսկողության ներքո, դրանք չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգի մեջ: Դրանք կլինեն մեր լիակատար հսկողության ներքո»,- ընդգծել է Չավուշօղլուն: 

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան Վաշինգտոնին է դիմել «համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով»՝ լուծելու համար ռուսական Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման հետ կապված տարաձայնությունները:

Միաժամանակ, հինգշաբթի մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ, որոնք ներկայացնում են ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի քանի կոմիտեների քննարկմանն են ներկայացրել՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում Թուրքիայի դեմ «պատժամիջոցների ամբողջական կիրառման» մասին բանաձեւ, ինչպես նաեւ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրից Թուրքիայի բացառման մասին, եթե Անկարան Ռուսաստանից Ս-400 ձեռք բերի: Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանաձեւերը, որոնք Կոնգրեսի յուրաքանչյուր պալատի կողմից առանձին են ընդունվում, իրավաբանական ուժ չունեն եւ խորհրդատվական բնույթ են կրում: Օրենսդիրներն այսպես արտահայտում են այս կան այն հարցում իրենց դիրքորոշումը, իսկ իշխանության գործադիր թեւը իրավունք ունի նման կարգի փաստաթղթերն անտեսելու:

ԱՄՆ-ն ակտիվ փորձեր է ձեռնարկում թույլ չտալու Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը: Վաշինգտոնն ավելի վաղ Անկարային արդեն զգուշացրել էր, որ այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն կարող է Թուրքիային մերժել վաճառել F-35-ներ:

«Տրիումֆ» Ս-400-ը մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար: Ս-400-ը կարող է կիրառվել նաեւ վերգետնյա օբյեկտների դեմ:

Թուրքիան ներկայումս ԱՄՆ-ին պատվիրել է հնարավոր 100-ից F-35 30 օդանավ: F-35-ը բազմանպատակային մարտական օդանավ է, որը նախագծվել է նկատվելու նվազեցման տեխնոլոգիայի օգտագործմամբ եւ կարող է կրել միջուկային զենք: ԱՄՆ-ի հետ ստեղծման նախագծին մասնակցում են 8 երկրներ՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան եւ Թուրքիան: Դրանից բացի, այս օդանավերը գնում են Իսրայելը եւ Ճապոնիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ