News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարը մեղադրել է Իրանին սաուդյան նավթամուղ կայանների վրա հարձակման մեջ, որի պատասխանատվությունը վերցրել են եմենյան հուսիթները, տեղեկացնում է Reuters-ը։

«Այդ գրոհն ապացուցում է, որ հուսիթները պարզապես գործիք են, որն Իրանի ռեժիմն օգտագործում է իր ծավալապաշտական ծրագրերն իրականացնելու համար»,- գրել է Սալման թագավորի որդին՝ արքայազն Հալիդ բին Սալմանն իր Թվիթերում։ «Ահաբեկչական գրոհները, որոնք պատվիրել է Թեհրանի ռեժիմը, եւ որոնք իրականացվել են հուսիթների կողմից, սեղմում են քաղաքական ջանքերի օղակը»։

Սաուդյան Արաբիայի այլ ներկայացուցիչներ նման թվիթներ են գրել՝ սաստկացնելով ճնշումը թագավորության երդվյալ թշնամու վրա Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության ուժեղացման ֆոնին։

«Հուսիթները  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անքակտելի մասն են եւ հետեւում են նրանց հրամաններին՝ թիրախ վերցնելով թագավորության օբյեկտները»,- գրել է արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը։

Եմենում Սաուդյան Արաբիայի դեսպանը գրել է, որ հուսիթները «Եմենը դարձրել են իրանական ահաբեկչության հարթակ եմենցիների եւ նրանց շահերի դեմ, ինչպես նաեւ գործիք Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար»։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները տեղեկացրել էին դրոնների հարձակման մասին նավթային երկու կայանի վրա։

Անօդաչու սարքի գրոհը տեղի է ունեցել չորս նավի վրա հարձակումից երկու օր հետո, որի հետեւանքով երկու լցանավ վնասվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերին։

Գրոհները տեղի են ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշեց չեղարկել Թեհրանից նավթի արտահանումը եւ ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ