News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ Հոնգ Շուն, Լի Հաուն, Ջինգ Շումինգը, Չեն Յանշուն:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը նշել է, որ Չինաստան այցի նպատակներից մեկն էլ հայ եւ չին կանանց համագործակցությունը տարբեր բնագավառներում վերականգնելն էր:

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են շատ բան անել եւ շատ բան փոխել: Կանայք մեծ ուժ են, եթե ամբողջ աշխարհի կանայք միավորվեն, նրանք կարող են շատ բան անել, աշխարհը դարձնել ավելի բարի ու դրական: Ես վստահ եմ, որ հայ եւ չին կանայք կարող են բազմաթիվ ոլորտներում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Այդ համատեքստում նա ներկայացրել է իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավ, որի նպատակն է խթանել, որ զինված հակամարտությունները խաղաղ կարգավորում ստանան:

«Այս նախաձեռնությունն ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի: Մեզ համար չափազանց կարեւոր է խնայել սահմանի երկու կողմերը պաշտպանող տասնութամյա զինվորների կյանքը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը շեշտել է, որ կանանց դերակատարումը հատկապես մեծ էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխության իրականացման հարցում, եւ հենց կանանց ակտիվ մասնակցության արդյունքում էր, որ հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ։ «Ես համաձայն եմ Ձեզ հետ, կանայք մեծ ուժ են եւ մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Չին կանանց դերը շատ մեծ է երկրում ընթացող բարեփոխումների գործում: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ մեծ է եւ հասարակական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունն անընդհատ աճում է»,- ասել է Ժաո Վենը` հավելելով, որ այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու նպատակները: Ժաո Վենն էլ պատմել է ֆեդերացիայի իրականացրած ծրագրերից Childrens fund-ի մասին, որի նպատակն է սոցիալական աջակցություն ցուցաբերել այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերում եկել են մեծ քաղաքներ: Տիկին Հակոբյանի գնահատմամբ հիմնադրամը կարող է համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ ճանաչողական, կրթական ծրագրերում, «մանավանդ որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում, իսկ չինարենը Հայաստանում դառնում է շատ տարածված եւ պահանջված»,- շեշտել է Աննա Հակոբյանը:

«Երեխաների խնդիրներն իմ գործունեության շատ կարեւոր մասն են կազմում: Ես ինքս չորս զավակ ունեմ: Եվ անկեղծ ասած ինձ շատ հուզեց Հայաստանում Չինաստանի դեսպանի պատմությունը, որ դասախոսության համար ստացված գումարը նա փոխանցել է բարեգործական հիմնադրամին, որն օգնելու է երկու չինացի երեխաներին: Շատ ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, որ երկու երեխաներն անընդհատ գտնվեն դեսպանտան ուշադրության կենտրոնում»,-հավելել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող ծրագրերում ակտիվորեն համագործակցել: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատուն, որից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ