News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բալային համակարգի ներդրումը վարորդների սոցիալական բեռը 2,7 մլրդ դրամով կնվազեցնի: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դա ակնհայտորեն կհանգեցնի սոցիալական լարվածության նվազման: Խաչատրյանի պարզաբանմամբ՝ բալային համակարգի ներդրումը նախատեսում է մի համակարգ, ըստ որի հնարավոր կլինի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից հետ պահել այն վարորդներին, որոնք տուգանվելու ռիսկի դեպքում էլ շարունակում են խախտումներ թույլ տալ: «Օրինագիծը հավանություն ստանալու դեպքում կգործարկվի 6 ամիս: ՃԵԿ 100 անուն խախտումներից 20-21-ը կմտցվեն բալային համակարգի մեջ: Այսօր 5 հազար դրամով տուգանվող ոչ բոլոր խախտումները կհավասարվեն մեկ միավորին: Ինչ վերաբերում է կայանման կանոնների խախտումներին, ապա այս դեպքում կհանեն 0,5 միավոր»,-  նշեց պատգամավորը:

Նա ընդունեց, որ 2018 թվականի մայիսի 23-ին իրավախախտների նկատմամբ պատիժները մեղմելու անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցուցումից հետո ՃԵԿ խախտումների առումով որոշ վատթարացում է նկատվել: «Սակայն իկրավիճակն աստիճանաբար կարգավորվել է, եւ հիմա կարելի է ասել, որ վարելու մշակույթի մակարդակը մեծապես բարձրացել է: Սա դրսեւորվում է նրանում, որ վարորդներր չեն ողջունում ՃԵԿ դիտավորյալ խախտումները, եւ նման դեպքերը հանդիպում են մյուս վարորդների դժգոհությանը»,- նշեց նա:

Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ բացի բալային համակարգի ներդրումից, նախատեսվում է Ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ կատարել եւ մեծացնել Երեւանում ՊՊԾ աշխատակիցների թիվը, որոնք կարգին կհետեւեն ինչպես ճանապարհներին, այնպես էլ այլ հասարակական վայրերում: «ՊՊԾ աշխատակիցների ավտոմեքենաների վրա կտեղակայվեն տեսախցիկներ: Նպատակը որեւէ մեկին տուգանելը չէ, այլ այն, որ կարգը պահպանվի: Սրա վկայությունն է այն փաստը, որ տուգանքի առավելագույն չափը 500 հազար դրամից իջեցվել է մինչեւ 29 հազար դրամ»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նաեւ կարծում է, որ բալային համակարգը թույլ կտա հայտնաբերել այն վարորդներին, որոնք զրկված են վարորդական իրավունքից, բայց շարունակում են վարել իրենց մեքենան։ «Այն դեպքում, եթե այդ վարորդը խախտի ճանապարհային երթեւեկության կանոնները, ապա Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կկարողանան նրան հայտնաբերել տվյալների համապատասխան շտեմարանով»,- ամփոփեց իշխող խմբակցության պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն էր տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը «Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ, որով Հայաստանի վարորդների համար կսահմանվի բալային համակարգ։ Վարորդներին մեկ տարով կտրամադրվի 9 միավոր։ Խախտման գրանցման դեպքում ինքնաբերաբար այդ 9 միավորից կհանվեն տուգանային միավորներ։ Խոսքը 0,5, 1, 2, 3,4 բալանի խախտումների մասին է։ Եթե մեկ տարում այդ 9 միավորը սպառվի, ապա վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսով։ Այս ժամկետի սպառումից հետո իրավունքը նորից կվերականգնվի, ինչպես նաեւ կտրամադրվի 9 նոր միավոր։ Եթե վարորդը երկրորդ անգամ էլ օգտագործի իր 9 միավորը, ապա այս անգամ նրան մեկ տարով կզրկեն վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքից զրկված անձի մեքենա վարելու դեպքում նրան սպառնում է 200-300 հազար դրամ տուգանք կամ մինչեւ երկու տարվա ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ