News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ բանակցությունների ձեւաչափի շուրջ Ադրբեջանի շահարկումների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձեւաչափի եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։

Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձեւերում: Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ:

Բացի այդ, ինչպես եւ ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից եւ դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձեւերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին եւ սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլեւս Արցախին առնչվող բանաձեւեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։

Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին եւ լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձեւերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձեւի ընդունման պահից մինչեւ 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու եւ իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։

Բացի այդ, Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաեւ մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների եւ կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձեւեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով (բանաձեւ 822), բանակցություններ վարել կողմերի միջեւ ուղիղ շփումների միջոցով (բանաձեւ 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձեւ 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական եւ էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձեւ 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձեւեր 822, 853, 874)։

Ադրբեջանի կողմից այդ բանաձեւերի սաբոտաժը եւ փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու եւ ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլեւս նոր բանաձեւեր չընդունեց։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը եւ Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջեւ 1994 թ․ մայիսի 12-ին կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։

Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձեւերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձեւերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձեւերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միեւնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է եւ չի կարող սակարկության առարկա լինել:

Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձեւերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որեւէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որեւէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձեւին։

Անհիմն են նաեւ Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձեւաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով եւ՛ բանակցությունների ձեւաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, եւ՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված եւ այլ ներկայացուցիչներ» բանաձեւը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ»։ Այնուհետեւ Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներ»։ Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլեւ, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաեւ հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա (Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ) հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցը»։

Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաեւ 1993 թ․ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի եւ դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետեւ իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձեւում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչեւ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը եւ Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։

1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչեւ զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։

1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչեւ ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաեւ նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները եւ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին եւ Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաեւ ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։

Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձեւակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը եւ Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ եւ «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաեւ հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։

Հենց այդ եռակողմ ձեւաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչեւ 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։

Ուշագրավ է, որ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությանը եւ կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։

Արցախի ԱԳՆ կայքում ներկայացված են համապատասխան փաստաթղթերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ