News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Այս մասին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին իր ելույթում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Պարոն նախագահ,

Պարոն գլխավոր քարտուղար,

Հարգելի գործընկերներ,

Նախ եւ առաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար:

Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի եւ այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար: Շնորհակալություն եւ իմ խորագույն հարգանքները։

Ցանկանում եմ անդրադառնալ հինգ դրույթի:

Առաջին․ Եվրոպայի Խորհուրդն անվտանգության կազմակերպություն չէ, եւ անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման եւ հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարը: Այս սկզբունքն առավել հնչեղ արձագանք է ստանում «Ֆինլանդիա դահլիճում»՝ այս նույն պատերի ներքո 1975թ. հնչեցված ուղերձի հետ մեկտեղ:

Երկրորդ․ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը եւ անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը: «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է եւ այն որեւէ դրսեւորում չպետք է ունենա:

Երրորդ․ զանգվածային վայրագությունների կանխարգելումը նույնպես  ընկած է ժողովրդավարական անվտանգության հիմքում։ Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը եւ ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում: Թուրքիայի նախագահն օրացույցի բոլոր օրերից հենց ապրիլի 24-ին արդարացրեց Հայոց ցեղասպանության զոհերի դեմ իրականացված հանցագործությունները՝ ցեղասպանության զոհերին անվանելով «հայկական հրոսակախմբեր եւ նրանց աջակիցներ», որոնց «տեղափոխումն ամենաողջամիտ գործողությունն էր»։ Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը։

Չորրորդ․ մեկ տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը եւ հայ ժողովուրդն ի ցույց դրեցին ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները եւ արժեքները: Վերջինիս հետեւած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին հասարակության աջակցության եւ իր կողմից տրված ուժեղ մանդատի հիման վրա, Հայաստանը վերահաստատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել չվիճարկված ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը պաշտպանելու եւ խթանելու քաղաքական կամքը մեր կառավարության քաղաքականության առանցքն է: Մենք նաեւ ցուցադրեցինք, որ արժեքների եւ աշխարհաքաղաքականության նույնացումն  անտեղի  եւ վտանգավոր է:

Հինգերորդ․ մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների  եւ մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաեւ դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային եւ թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետեւողական ապրապնդման կարիք ունեն: Ոչ մի հասարակություն եւ ոչ մի անդամ երկիր բացառություն չէ: Առավել քան երբեւէ առկա է Եվրոպայի խորհրդի կարիքը: Դրա բոլոր կանոնադրական մարմիններն ամրապնդման կարիք ունեն, Խորհրդարանական վեհաժողովը պետք է լիովին մաքրվի կոռուպցիայից: Գլխավոր քարտուղարի զեկույցն արժանի է աջակցության՝ որպես բարեփոխումների համար նշանակալի եւ պարտադրող ճանապարհային քարտեզ: Ֆինանսավորման ներկա մակարդակի պահպանումը նվազագույն քայլ է այս կառույցի կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: 70-ամյա հոբելյանի ուղերձը բխում է ոչ միայն 1949թ. Լոնդոնի պայմանագրից, այլ նաեւ 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմից: Մենք չենք կարող հետ վերադառնալ անցյալի տարաձայնություններին: Խորհուրդը եւ այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա այն կառուցված է, ունեն անդամների հանձնառության վերահաստատման կարիքը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեր լիակատար աջակցությունը հայտնել Ֆրանսիայի առաջիկա նախագահությանը։ Դրանց իրագործման հարցում դուք կարող եք ապավինել մեր աջակցությանը։ Մաղթում եմ ամենայն հաջողություն ձեր կարեւոր նախաձեռնություններում։

Շնորհակալություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ