News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեզ համար մեղադրանքն անհասկանալի էր, այդ պատճառով ես հրաժարվել եմ ցուցմունք տալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին,լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ անդրադառնալով Վարդգես Գասպարիին հարվածելու դեպքով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Ինչպես հասկացա, ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում, ինձ համար դա շատ անհասկանալի է, ինձ թվում է՝ ես ազատ քաղաքացի եմ, ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու, եթե այդ վայրը, իհարկե, սահմանափակում չունի»,- նշեց նա:

Արմեն Թավադյանի խոսքով՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում, որտեղից ինքը ծանուցում էր ստացել, «բացատրում էին, փորձում էին ճնշում գործադրել, որ ցուցմունք տա»։

Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ նրա փաստաբան Նարեկ Ալոյանը անդրադարձավ մի քանի դրվագի, պնդեց քննիչի կողմից կալանքի միջնորդության անհիմն լինելը:

«Օրեր առաջ Արմեն Թավադյանը, ըստ ոստիկանության ձեւակերման, հրավիրվել էր ոստիկանության բաժին: Մենք այդ հարցի առնչությամբ փոքր-ինչ այլ դիրքորոշում ունենք, բայց ելակետ ընդունելով ոստիկանության ձեւակերպումը, որ հրավիրյալի կարգավիճակում էր գտնվում Արմեն Թավադյանը, արձանագրենք, որ Արմեն Թավադյանը ներկայացել է ոստիկանության բաժին, սեփական կամքով: Այսօր վարույթ իրականացնող մարմինները ծանուցագիր են ուղարկել Արմեն Թավադյանին՝ քննչական բաժին ներկայանալու վերաբերյալ, ծանուցագիրը ուղարկվել է մոտ ժամը 12:00-ի սահմաններում: Իրավակիրառ պրակտիկայում ծանուցագրերը ուղարկում են՝ որպես կանոն առնվազն մի շաբաթ ժամանակ տալով անձին: Քանի որ հենց ծանուցագրի մեջ նշվում է, որ անձը կարող է ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ, այսինքն ժամանակ է տալիս, որպեսզի փաստաբանի դիմի, իր իրավունքները գիտակցի եւ այլն: Տվյալ դեպքում՝ մենք ծանուցում ստացել ենք ծանուցագրում նշված ժամից ընդհամենը 3 ժամ առաջ, եւ սահմանված ժամին ներկայացել ենք վարույթ իրականցնող մարմին: Մեր վարույթ իրականցնող մարմին ներկայանալուց հետո առաջին քննչական գործողությունը կատարվել է մոտ մեկ ժամ անց: Այսինքն՝ մենք մոտ մեկ ժամ սպասել ենք քննիչի մոտ մտնելուն։ Այդ ժամանակահատվածում օբյեկտիվորեն հնարավորություն ունեինք այն հիմքով, որ մեզ հետ փաստացի քննչական գործողություն չի կատարվում, թողնել քննչական բաժինը եւ ներկայանալ հաջորդ անգամ, երբ մեզ ծանուցագիր կուղարկվի: Մեր այդ իրավունքից եւս չենք օգտվել: Եվ մնացել ենք վարույթ իրականցնող մարմին»,- ասաց նա:

Փաստաբանը շեշտեց՝ չկա որեւիցե տվյալ այն մասին, որ Արմեն Թավադյանը կարող է թաքնվել վարույթ իրականցնող մարմնից. «Վարույթի իրականացնող մարմինը, առհասարակ, որեւէ տեղեկություն չունի նրա առողջական վիճակի վերաբերյալ: Հետեւաբար, նման պայմաններում կամ պետք է առաջնորդվենք կանխավարկածով, որ Հայաստանում քննիչները խափանման միջոց ընտրելիս պարտավոր չեն եւ տեղեկություն չեն հավաքում անձի առողջական վիճակի վերաբերյալ, չեն պարզում, արդյոք տվյալ անձի առողջական վիճակը համապատասխանում է կալանքի կրմանը, թե՝ ոչ, կամ պետք է փաստենք, որ առանձնահատուկ մոտեցում է ցուցարբերվել Արմեն Թավադյանի անձին: Եվ պետք է հաշվի առնենք, թե ինչ ժամանակահատվածում է ուղարկվել ծանուցումը, եւ ինչ ժամանակահատվածում է վարույթի իրակացնող մարմինը մտափոխվել: Այսինքն՝ վկայի քրեադատաիրավական կարգավիճակից անցում կատարել մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակի»:

Նարեկ Ալոյանի խոսքով՝ արդեն իսկ խոսուն հանգամանք է, որ միայն Երեւանի ընդհանուր իրավասությունների դատարանում Քոչարյանի աջակիցների հնչեցրած կարծիքն ՝ որակվել որպես բացասական, սպառնալիք պարունակող. «Կապված մեղադրանքի բուն էության հետ, դատարանում տեղի է ունեցել միջադեպ: Որոշ անձիք իրենց կարծիք արտահայտելու ազատությունն են իրացրել եւ բացասական կարծիքներ են հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի անձի վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանի համակիրները բացասական կարծիքներ են հնչեցրել նման կարծիք հնչեցնող անձանց վերաբերյալ: Այսինքն գործ ունենք երկկողմանի բարձր տոնով կարծիք հնչեցնելու հետ, եւ մի կողմից հնչեցված կարծիքները որակվել են որպես բացասական, սպառնալիք պարունակող եւ հիմք են հանդիսացել, որպեսզի տվյալ անձինք դիտարկվեն որպես խուլիգանության հոդվածով մեղադրյալ: Իսկ շիշը դիտարկել է որպես զենք օգտագործվող առարկա, եւ մեղադրանք է առաջադրվել ծանր հոդվածով»:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ այն դրվագին, երբ Վարդգես Գասպարին ոստիկանին անվանել էր լկտի. «Հանրապետության վարչապետն ու ոստիկանության պետը պետության հանրային իրավական պարտավորությունների կատարումը պատվիրակել են նաեւ ոստիկաններին։ Եվ այդ ոստիկանները, Վարդգես Գասպարիի բնութագրմամբ, ունեն նման որակական հատկանիշներ։ Հիմա հարց է առաջանում, եթե Գասպարին ճիշտ է ու տվյալ անձինքն իրոք ունեն նման որակական հատկանիշներ, ինչո՞ւ է պետությունը իր հանրային իրավական պարտականությունների կատարումը պատվիրակել նման ոստիկանների։ Եթե Գասպարին սխալվում է, ինչո՞ւ նույն պետությունը միջոցներ չի ձեռնարկում իր պատվիրակների պատիվն ու արժանապատվությունը պահպանելու համար։ Այսինքն, մենք ունենք իրավիճակ, երբ ոստիկաններն ունեն պատրաստվածություն եւ չեն արձագանքում իրենց հասցեին հնչած վիրավորանքներին։ Բայց Հայաստանի քաղաքացիների մենթալիտետը հաշվի առնելով՝ մենք կարող ենք ասել, որ տասից յոթը, եթե լսի իր հասցեին այնպիսի վիրավորանքներ ու որակումներ, ինչպիսին Գասպարին տալիս է ոստիկաններին, էմոցիոնալ արձագանք կտա»։

Փաստաբանը համարում է, որ իր պաշտպանյալն ազատ կարծիք է արտահայտել․ «Հիմա պետության կողմից կարծիքն արտահայտելու ազատությունը քրեական ծանր հանցագործություն որակելը եւ գործ հարուցելը, իմ կարծիքով, ճնշում է ազատ կարծիք արտահայտելու իրավունքը»։

Նարեկ Ալոյանը մտահոգիչ համարեց այն «փաստը, որ քաղաքական հետապնդման ենթարկվող Ռոբերտ Քոչարյանին աջակցող անձը՝ Արմեն Թավադյանը, եւս քրեական հետապնդման է ենթարկվում, հատկապես այն պարագայում, երբ նա ղեկավարում է հեռուստաընկերություն, որը տարբերվող կարծիք է արտահայտում»։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։

Տպել
Ամենաշատ