News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ այն որակելով որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, եւ կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից եւ հայտարարություններից։

Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաեւ մամուլի աշխատանքներին։

«…Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն եւ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, եւ կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից եւ հայտարարություններից։

Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝

«Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հարկ ենք համարում նաեւ հիշեցնել, որ լրագրողների եւ Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները եւ դրանց կարեւորությունն ընդգծվում է մի շարք միջազգային փաստաթղթերում։

Այսպես՝

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի  9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների եւ մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու եւ մամուլի ազատության իրավունքը։

Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝

Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսեւորի խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։

«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի  ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ եւ գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել  հանրային հսկիչի դերը։ Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության  եւ դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։

2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա եւ հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։

Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջեւ ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջեւ։

Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։ Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաեւ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։

ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից եւ ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ»։

Տպել
Ամենաշատ