News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Իրականությանը չի համապատասխանում «մարտի 1»-ի գործով դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը: Այս մասին պարզաբանում է տարածել Գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատախազության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը (…)։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(...)

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, (…)մասին որոշումները.

(...)»։

ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշմամբ սահմանել է, որ  «[Մ]եղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

(...)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաեւ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ եւ 376.1-րդ հոդվածներով։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաեւ դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաեւ համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։

Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից եւ հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու եւ միեւնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է։ (...)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը)։

Ուշադրություն ենք հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ դատարանն իր այսօրվա որոշման եզրափակիչ մասում եւս հստակ նշել է, որ դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է դառնում, որ իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է:

Ուստի կրկին անգամ դիմում ենք պաշտպանության կողմին՝ ձեռնպահ մնալ ավելորդ որակումներից եւ Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից:»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանի` թվով 3-րդ կալանավորումը քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է. ՀՀԿ հայտարարությունը
Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում…
«Լուսավոր Հայաստանը» երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում
Սա բացառապես դատական գործընթաց է…
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլը»
Նրա խոսքով, սկզբում կասկածներ էին առաջացել գործի կասեցման օրինականության եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ...
«Մարտի 1»-ի գործը պետք է քննել բացառապես իրավական հարթությունում. «Բարգավաճ Հայաստան»
«Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է բացառապես իրավական հարթությունում...
Ոչ ոք չպետք է իրավական գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի գործին. Վահե Ենֆիաջյան
Նրա խոսքով՝ նրանք դեռ լիարժեք տեղեկատվություն եւ աշխատանքի համապատասխան փորձ չունեն տվյալ ոլորտում, ԲՀԿ-ի պատգամավորներն չեն...
Տղամարդկության հարց էր. Լևոն Քոչարյանը՝ դատավորի որոշման մասին
Ես կզարմանայի, եթե դատարանն այլ որոշում կայացներ...