
Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնի է դարձել գերագույն ռադայի հանդիսավոր նիստի ժամանակ: Այսպիսով, Զելենսկին դարձել է անկախ Ուկրաինայի պատմության մեջ պետության 6-րդ ղեկավարը: Մինչեւ պաշտոնը ստանձնելը Զելենսկին երդվել է հավատարիմ լինել ուկրաինացի ժողովրդին, փոխանցում է «112 Ուկրաինան»:
Խորհրդարանի նիստերի դահլիճում ելույթ ունենալիս Զելենսկին հայտարարել է 8-րդ գումարման Գերագույն ռադան արձակելու մասին՝ նաեւ կառավարությանն առաջարկելով հրաժարական ներկայացնել:
«Ուզում եմ մեջբերել ամերիկացի դերասանին, որը դարձել էր ԱՄՆ արտակագ նախագահ. «Կառավարությունը չի լուծում մեր խնդիրները, կառավարությունը հենց մեր խնդիրն է»: Ես չեմ հասկանում մեր կառավարությանը, որը միայն ձեռքերն է տարածում եւ ինձ ասում, որ մենք չենք կարող անել: Դա ճիշտ չէ՝ կարող եք, դուք կարող եք վերցնել թուղթը, գրիչը եւ ձեր տեղն ազատել նրանց համար, որոնք կմտածեն հաջորդ սերունդների մասին, այլ ոչ թե հաջորդ ընտրությունների»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը հայտարարել էր «Ազգային ճակատ» խմբակցության դուրս գալուց հետո «Եվրոպական կոալիցիայի» գոյության դադարեցման մասին: Նա նաեւ կոչ էր արել սկսել քննարկել նոր կոալիցիայի ստեղծման հարցը: Վլադիմիր Զելենսկու թիմում, իր հերթին, հայատարարել էին, որ Ռադայում կոալիցիան դադարել էր գոյություն ունենալ դրանից «Ազգային ճակատի» դուրս գալուց շատ ավելի առաջ: