News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում, էքսիթփոլերի արդյունքներով, առաջատարը երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունն է:

Times of India պարբերականը հայտնում է, որ «Ազգային դեմոկրատական դաշինքը», տարբեր էքսիթփոլերի արդյունքներով, կարող է ստանալ խորհրդարանի 255-ից մինչեւ 352 մանդատ:

Ընդդիմադիր կուսակցությունների «Միավորված առաջադեմ դաշինք» կոալիցիան՝ «Համահնդկական տրինամուլ կոնգրեսի» ղեկավարությամբ իր հերթին, նույն տվյալների համաձայն, կարող է ստանալ 94-ից մինչեւ 132 մանդատ: Ներկայումս դաշինքի ներկայացուցիչները Ժողովրդական պալատում ունեն 59 տեղ, իսկ իշխող կուսակցության պատգամավորները՝ 336 տեղ:

Հնդկաստանում ընտրությունները սկսվել են ապրիլի 11-ին եւ անցկացվել մի քանի փուլով: Քվեարկությունը, որին կարող էին մասնակցել մոտ 900 մլն ընտրողներ, ավարտվել է երեկ՝ մայիսի 19-ին: Սպասվում է, որ ձայների հաշվարկը կսկսվի հինգշաբթի՝ մայիսի 23-ին, նույն օրը հայտնի կդառնան առաջին արդյունքները:

2014 թվականի ընտրություններում երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը ստացել էր 272 տեղ: Ներկայիս ընտրությունների ելքը կորոշի՝ նա կմնա՞ վարչապետ երկրորդ ժամկետով: Հնդկաստանի Ժողովրդական պալատը ունի 545 պատգամավոր, որոնցից երկուսին նշանակում է երկրի նախագահը, իսկ մնացյալ 543 պատգամավորներին մեծամասնական համակարգով ընտրում են համընդհանուր ուղիղ քվեարկությամբ 5 տարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ