
Միասնական պետական ռեեստրում հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2018 թվականի հայտարարագիրը։ Պետության ղեկավարը բացահայտել է սեփականությունը, որը պատկանում է իրեն, կնոջը՝ Ելենային եւ նրանց համատեղ ունեցվածքն է, տեղեկացնում է TCN-ն։
Զելենսկու անունով ձեւակերպված է բնակելի տուն 353,3 քառ. մետր եւ հողակտոր Կիեւի մարզի Իվանկովիչիում, ինչպես նաեւ երկու բնակարան Կիեւում՝ 386 քառ. մետր ընդհանուր մակերեսով եւ երկու կայանատեղի։ 2007-ին ձեռք բերված բնակարանը՝ 354,5 քառ. մետր մակերեսով, Զելենսկու եւ նրա վաղեմի բիզնես գործընկերներ Բորիս եւ Սերգեյ Շեֆիրների ընդհանուր սեփականությունն է։ Եվս մեկ բնակարան մայրաքաղաքում՝ 198,6 քառ. մետր մակերեսով, ձեւակերպված է Զելենսկու եւ Սերգեյ Շեֆիրի անունով։
Կնոջ՝ Ելենայի անունով գրանցված է մեկ բնակարան Յալթայում՝ 129,8 քառ. մետր մակերեսով եւ կայանատեղի, ինչպես նաեւ բնակարան մայրաքաղաքում՝ 284 քառ. մետր մակերեսով։ Ընդ որում՝ մայրաքաղաքում ոչ բնակելի 337,8 քառ. մետր տարածքը հավասար կիսված է Ելենայի եւ Լարիսայի ու Ելենա Շեֆիրի միջեւ։ Եվս մեկ տարածք՝ 305 քառ. մետր, Ելենան կիսում է Սերգեյ Շեֆիրի հետ։
Նախագահ Զելենսկին եւ նրա կինը 2018 թվականին բաժին ունեին երկու բրիտանական տներում։ Նա հայտարարագրում նշել է երկու բնակարան Ուկրաինայի մայրաքաղաքում եւ երեք կայանատեղի, որոնք կիպրոսյան Ելդորանտե Լիմիթեդ ընկերության սեփականությունն են։ Սան Թոմաս Ս.Գ.Լ. ընկերությունը Իտալիայում ունի 413 քառ. մետր մակերես։ Զելենսկիների անունով գրանցված են հյուրանոցային համարներ Վրաստանում՝ 436 քառ. մետր ընդհանուր տարածքով։
Ընտանիքը անցած տարի ուներ նաեւ 2016 թվականի Range Rover եւ 2014 թվականի Mercedes-Benz 500 4 MATIC ավտոմեքենաներ։
Բացի այդ, Զելենսկիների ընտանիքը 2018-ին ուներ արժեթղթեր կիպրոսյան ընկերություններում, կորպորատիվ իրավունքների «Կվարտալ 95 ստուդիայում», պատենտներ։ Նախագահական զույգը 11 ընկերությունների շահառու է, որոնք գրանցված են Ուկրաինայում, Իտալիայում, Բելիզում եւ Կիպրոսում։
«Կվարտալ 95» ընկերությունում Զելենսկին ստացել է 4,16 մլն գրիվնա աշխատավարձ, իսկ Ելենան՝ 1,11 մլն։ Ձեռներեցային գործունեության եկամուտը կազմել է 4,13 մլն գրիվնա, գույքի վարձակալման եկամուտը՝ 979 հազար։ Բանկերի տոկոսները կազմել են 968 հազար։ Հայտարարագրված ունեցվածքի մեջ կան նաեւ ապահովագրական վճարներ, ռոյալթիներ։
Անցած տարի Զելենսկիները բանկում ունեին ավելի քան 438 մլն դոլար, աննշան գումար եվրոյով եւ ավելի քան 100 հազար գրիվնա։ Կանխիկ՝ 190 հազար դոլար, 62 հազար եվրո, 150 հազար գրիվնա։ Ի դեպ, նախագահը նաեւ վարկեր ունի։ Մասնավորապես, ՕՏՊ բանկում փոխ է վերցրել 200 հազար գրիվնա, «Պրիվատբանկում»՝ 400 հազար գրիվնա, եւ 1 775 935 բրիտանական ֆունտ Բելիզում։