News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների, ովքեր մեր երկիր են ժամանել ծանոթանալու Հայաստանի կառավարման համակարգին, իրականացվող բարեփոխումներին և տեղի ունեցած փոփոխություններին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է ուսանողների այցը Հայաստան և նրանց խնդրանքով անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական ու հաստատակամ գնում է ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ճանապարհով, ինչը նոր և իրական փոփոխություններ կբերի հասարակության կյանքում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարևոր է, որ այդ փոփոխություններին անհատական մասնակցություն են ունենում նաև քաղաքացիները և իրենց քայլերով արտոնում կառավարությանը՝ իրականացնելու այդ փոփոխությունները: «Մենք լավատես և վստահ ենք մեր ներկայի ու ապագայի հարցում: Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով դատաիրավական համակարգի վերաբերյալ այսօրվա իր ելույթին՝ նշել է, որ այն ուղղված էր հանրապետությունում ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանության բացակայության խնդրին: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ դատական իրապես անկախ և անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, ու նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, ուստի այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ է:   

Այնուհետև վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կառավարության առաջնահերթություններին,  դատաիրավական ոլորտում փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց ընդունելու և հարցերին հանգամանալից պատասխանելու համար:   

Տպել
Ամենաշատ