News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Բիշքեկում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը:

Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հետեւողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները:

Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեծապես կարեւորել է նաեւ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, ով Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ:

Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարեւորում է այդ հարթակը եւ տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երեւանում:

Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով:

Հանդիպման ավարտին Մաժիլիսի նախագահը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին 2019թ. հունիսի 9-ին միջխորհրդարանական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ ընդգրկելու համար:

Տպել
Ամենաշատ