News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը 2019թ. աշնանը կանցկացվեն Երեւանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ներկայացված են եղել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Սերբիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունները: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նիստում մասնակիցներին ողջունել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովը՝ իր ելույթում ընգծելով հավաքական փոխգործակցության կարեւորությունը:

Նիստի սկզբում ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապացությամբ եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցելու առիթով: Նա առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երեւանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված են եղել նաեւ 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձեւավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ