News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի Կարծախի գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա եւ գոմից գողացել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սահմանապահները կարողացել են անասունը վերադարձնել մինչեւ Թուրքիայի սահմանը հատելը, կողոպտիչները հասցրել են թաքնվել, հայտնում է Jnews-ը: 

Թուրքիային սահմանակից Կարծախի գյուղում ավազակային հարձակումն ու գողությունը տեղի է ունեցել ժամը մոտ 1:00-ին: Գոմի պահակ Սարգիս Գասպարյանի խոսքով՝ ինքը հեռախոսով որդու հետ էր խոսում, հետո աղմուկ եւ շան հաչոցը լսելով՝ բացել է վագոն-տնակի դուռը, որտեղ գիշերում է: Վատ բան զգալով՝ վերադարձել է եւ դուռը փակել: Կողոպտիչները շանը սպանել էին կրակոցով, հետո կոտրել էին վագոնի դուռը եւ ներս մտել:

«Մտան եւ պահանջեցին հեռախոսս: Ես վրացերեն ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերեն ասում է՝ ոնց չես տա եւ հարվածեց ինքնաձիգի կոթով: Ես հասցրեցի հեռախոսս մի կողմ նետել: Հետո ինչ-որ բան ցողեցին աչքերիս, մտավ երկրորդը, եւ սկսեցին կապկպել թեւերս: Կապեցին պարանով եւ ձեռնաշղթա հագցրին, բերանս փակեցին եւ գնացին: Նրանք զինվորական համազգեստով էին: Վստահ եմ, որ վրացերեն գիտեին, թուրքերեն ակցենտով էին խոսում: Ես թուրքերեն մի քիչ հասկանում եմ»,- ասել է Սարգիս Գասպարյանը:

Սարգիս Գասպարյանը երեք մարդու է տեսել, թե կողոպտիչները քանի հոգի էին՝ չգիտի: Պահակի վագոնը գտնվում է գոմի ճակատային մասում: Չարագործները գոմ են մտել պատուհանից եւ անասունը տարել են վագոնի հակառակ կողմից:

Կողոպտիչների գնալուց հետո Սարգիս Գասպարյանը դժվարությամբ քանդել է կապերը, բայց ձեռնաշղթաները մնացել են ձեռքերին: Նա բացել է դուռը եւ վազել դեպի տիրոջ տուն: Նրա խոսքով՝ սկսել է գլխով հարվածել պատուհանին՝ մինչեւ արթնացրել է մարդկանց:

Գոմի եւ անասունի տերը՝ Ատոմ Օգմրցյանը, անմիջապես ոստիկանություն է զանգահարել, հետո գնացել է սահմանապահ ուղեկալ:

«Ինձ ուղեկալում ասացին, որ երբ ես 1:43 զանգեցի, նրանք 1:32 արդեն տեսել էին, որ անասունը տեղափոխում են: Ասում են, որ 4 մարդ կար: Փոխհրաձգություն էր եղել, եւ կողոպտիչները չէին կարողացել տանել անասունը, բայց փախել էին, սահմանապահները չէին կարողացել բռնել նրանց»,- ասում է Ատոմ Օգմրցյանը:

Կողոպտիչները ձիերով էին: Անասունը գտել էին բուֆերային գոտում եւ վերադարձրել: Սարգիս Գասպարյանին տարել էին շտապ օգնության մեքենայով: Նրա վերքը մաքրել էին, ներարկումներ արել եւ դուրս գրել:

Ատոմ Օգմրցյանը եւ գյուղացիները վրդովված են: Սա սահմանամերձ գյուղերում անասունի գողության առաջին դեպքը չէ, իսկ Օգմրցյանի համար սա 3-րդ դեպքն է: Առաջին անգամ անվերադարձ գողացել էին նախանցյալ տարի՝ 34 գլուխ, անցյալ տարի 35 գլուխ անասուն էին գողացել, նրանց գտել եւ վերադարձրել էին: Բոլոր դեպքերի ժամանակ անասունը տարել էին Թուրքիայի կողմ:

Վրաստանի ՆԳՆ-ն Կարծախիում կատարվածի փաստով ՔՕ 179-րդ հոդվածով հետաքննություն է սկսել (Ավազակություն, այսինքն՝ հարձակում ուրիշի շարժական գույքի ապօրինի յուրացման նպատակով, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, պատժվում է 5-7 տարվա ազատազրկմամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը քիչ առաջ ավարտվեց...
Եռաբլուրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ (ֆոտո)
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից...
ԱԱԾ-ն հայտնաբերել եւ առգրավվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գողացված կտավներ
Ստուգմամբ պարզվել էր, որ դեռեւս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ...
Հոգեթերապեւտը Մանվել Գրիգորյանին աջակցություն ցուցաբերելու համար պայման է դրել
Օրեր առաջ բժիշկ հոգեթերապեվտ Գալստյանն ուսումնասիրել է Մանվել Գրիգորյանի բժշկական փաստաթղթերը և փաստել, որ...
Մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր
Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ...
Ադրբեջանական բանակը զորավարժանքի ժամանակ արկ է նետել Գյանջայի բնակելի տան վրա
Գյանջայի մասնավոր տներից մեկի վրա արկ է ընկել...