News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մասիսի զարգացման հիմնադրամը Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, AFFA բարեգործական հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի եւ Արարատի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Ծրագրի առաջին փուլի սկիզբը դրվել է մայիսի 20-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում. մեկնարկել են հանրային լսումներ, որոնց մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական մասի պատասխանատու Տիգրան Առաքելյանը, AFFA բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Թումո-Երեւան ծրագրերի ղեկավար Բեկոր Փափազյանը, Մասիս քաղաքի հիմնական դպրոցների տնօրենները, ուսուցչական եւ աշակերտական կազմը:

Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագրի նախաձեռնությունը միտված է միջազգային կապերի ամրապնդման, Մասիսում կրթության որակի բարելավման, ինչպես նաեւ առաջատար ֆրանսիական կրթական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ամրապնդմանը։

2018 թ-ից սկսած ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու ամրապնդումը Մասիս քաղաքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական եւ նպատակային ուղղություններից է:

«Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում մայրաքաղաքների բնակիչների հետ հավասար հնարավորություններ պետք է ունենան։ Հենց բարձրորակ բազային կրթությունն է այն հիմքը, որը հանդիսանում է ոչ միայն անհատի, այլեւ քաղաքի, տարածաշրջանի զարգացման հաջողության երաշխիքը։ Մասիսի զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է ցուցաբերել համապարփակ աջակցություն բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային փորձի ներդրմանը եւ առհասարակ՝ կյանքի բարելավմանը»,- իր խոսքում նշել է Մասիսի զարգացման հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։

Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի աշնանը եւ առաջինը կիրականացվի Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում:

«Դպրոցի ընտրությունը պատահական չէ: Հիմնադրման օրվանից ի վեր ֆրանսերենը եղել է առաջնային օտար լեզուներից, վերջին տարիներին է ավելացել նաեւ անգլերենի ուսուցումը: Աշակերտներն ունեն բարձր առաջադիմություն եւ բազմիցս մասնակցել են ֆրանսերեն լեզվով տարբեր միջոցառոմների, օլիմպիադաների: Ընդհանրապես Արարատը ֆրանկոֆոն մարզ է, այս առումով ողջունում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությունը, որը հաշվի է առնում մարզային խնդիրներն ու պահանջները եւ այստեղ իրականացնում է զարգացման ծրագրեր», - նշել է Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը։

ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը հաջողելու դեպքում կկիրառվի նաեւ տեղի մյուս հիմնական դպրոցներում ( թիվ 2, 3, 4 , 6):

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան իր խոսքում կարեւորել է  Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ եւ ստանալ ժամանակակից մրցակցային կրթություն․ «Մասիսում ֆրանսերեն սովորող աշակերտների քանակը կազմում է ամբողջ Հայաստանի աշակերտների 4%-ը, ինչը փաստում է այն մասին, որ Մասիսն ավելի ֆրանսիախոս է, քան Հայաստանի մյուս քաղաքները: Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում իր աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացման հարցում», - նշել է Բորտոլան:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ շնորհիվ Մասիսի զարգացման հիմնադրամի Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում սովորող բարձր առաջդիմություն ունեցող սաներից հինգը, ովքեր իրենց ուսումը կշարունակեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կստանան կրթաթոշակի հնարավորություն:

Հանրային լսումներից հետո կայացավ նաեւ Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհուրդի նիստը: Առաջիկայում նախագծի հեղինակներն իրենց առաջարկներով եւ հանրային քննարկման արդյունքերով կդիմեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

Նշենք, որ 2012 թ.-ից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ պիլոտային ծրագիր է իրականացնում Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում։

Գործելով 2012 թ-ին Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ ստորագրված եւ մինչեւ 2015 ընդլայնած «Ֆրանսերեն լեզվի լեզվաբանական ծրագրի» շրջանակում, ՀՀ Կրթության եւ Գիտության նախարարությունը մի շարք դպրոցներում ներդրել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որի ավարտին ուսանողները ձեռք են բերում ֆրանսերեն լեզվի B1 մակարդակի գիտելիքներ՝ համաեվրոպական համակարգի լեզուների իմացության պահանջներին համապատասխան (CECRL)։           

Մասիսի զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականին Adibekyan Family Foundation For Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության կողմից` ի նպաստ Մասիս քաղաքի զարգացմանը:

Հիմնադրամի գործունեության  նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ եւ ձեւավորել  ակտիվ  քաղաքացիների  նոր սերունդ, ովքեր ապագայում կունենան իրենց ներդրումը Հայաստանի զարգացման գործում:

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության  հիմնական ուղղություններն են՝

Սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման ոլորտում երիտասարդ սերնդի նախաձեռնությունների աջակցություն,

Մասիսի երիտասարդության միավորումը  եւ  ինտեգրումը  կրթական, մշակութային, մարզական, հասարակական եւ այլ  ենթակառուցվածքային նախագծերում,

Քաղաքացիական  ակտիվության, հասարակական գիտակցության, քաղաքացիների պատասխանատվության զարգացում,

Կամավորական շարժման ձեւավորում եւ զարգացում,

Բարեգործական ծրագրերի իրականացում համակարգային մոտեցմամբ,

Երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրության եւ սեփական արմատների հանդեպ հարգանքի սերմանում,

Երիտասարդների ներուժի զարգացում, կրթության, ստեղծագործական, հասարակական գործունեության եւ սոցիալական նախագծերի ոլորտներում երիտասարդների   արդյունավետ  ինքնադրսեւորման պայմանների ստեղծում,

Տաղանդավոր եւ նպատակասլաց երեխաներին ինքնադրսեւորման նպաստում ու աջակցություն,

Մասիս քաղաքի կյանքում Ֆրանսիայի սփյուրքահայության ակտիվ մասնակցությանը նպաստող հարթակի ստեղծում։

Մասիսի զարգացման հիմնադրամը հիմնադրել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման,  տաղանդի եւ ընդունակությունների  բացահայտման յուրահատուկ հարթակ է: 

Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր եւ կամավորություն: Ներկայում կենտրոն է այցելում 120  երեխա (մինչեւ  18 տարեկան):

Կրթական կենտրոնում անցկացվում են անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների դասընթացներ: Գործում են գրականության, աշխարհագրության, երաժշտական, թատերական եւ քննարկման խմբակներ, ինչպես նաեւ կինոսիրողների ակումբ:  

Կենտրոնը զբաղվում է նաեւ Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված  սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջեւ կապերի ամրապնդմամբ:

Կամավորական կենտրոնը ստեղծվել է քաղաքացիների ակտիվության, կամավորական նախաձեռնությունների եւ  հասարակական գիտակցության զարգացման նպատակով:

Երիտասարդական կենտրոնը գործարկել է քաղաքային պորտալ՝ ilovemasis.com, որտեղ կարող եք ծանոթանալ ոչ միայն Մասիսի զարգացման հիմնադրամի, այլեւ ամբողջ քաղաքի գլխավոր իրադարձություններին:

2018 թ. Մասիսի զարգացման hիմնադրամը կառուցել եւ շահագործման է հանձնել քաղաքում առաջին Ընտանեկան մարզահամալիրը: ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիրը դարձել է ոչ միայն մանկական, պատանեկան եւ ընտանեկան սպորտի զարգացման կենտրոն, այլեւ հանգստի ու ժամանցի սիրելի վայր: Շնորհիվ կենտրոնի՝ Մասիսում զարգանում են այնպիսի սպորտաձեւեր, ինչպիսիք են ֆուտբոլը, վոլեյբոլը, հեծանվավազքը, շախմատը, օդային աթլետիկան (վարժությունները), մարտական արվեստը եւ Հայաստանում հայտնի շատ այլ մարզաձեւեր:

2019 թ․ մայիսից Մասիսի զարգացման հիմնադրամը Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Ֆրանկոֆոնիայի դաշինքի հետ միասին նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ծրագրին աջակցելու նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը նախաձեռնել եւ իրականացրել է նաեւ հանրային լսումներ։

Տպել
Ամենաշատ