News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին, բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար. Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի եւ ավելի վտանգավոր։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցություն), «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։

Մենք գործ ունեինք ակհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  եւ դատարանի որոշումը՝ հայտնի գործով, իր մեջ անկայունության որեւէ ռեսուրս չուներ։ Մի պահից սկսվեց ուղղորդվող լարվածություն երկու խողովակով՝ բովանդակային՝ սոցցանցերով  եւ փողոցային՝ մանր ագրեսիվ խմբերով։

Պետական համակարգերի աշխատունակության խնդիրը։ Դատարանները արգելափակելու կոչին հետեւեց նորանշանակ մարզպետների, քաղաքապետների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների զարմանալի խանդավառությունը։  Սա մտահոգում է մի պարզ պատճառով. ստացվում է՝ նորակազմ պետական համակարգը չի ուզում եւ չի կարողանում աշխատել։ Նրան հոգեհարազատ է պիկետը, լայվը, ՖԲ գրառումը, ինչ-որ բանի պաշարումը,  բայց ոչ՝ ծանր, կիրառական նշանակության աշխատանքը՝ այն, ինչն իրականում ենթադրում է իր պաշտոնը։ Հետեւաբար՝ մենք իրական կյանքում առաջիկայում առերեսվելու  ենք աշխատանքի ոչ ունակ համակարգի հետ՝ իր հետեւանքներով։  Խնդիրները, հետեւաբար, միայն խորանալու են։ 

«Ժողովուրդ» եւ «մենք ենք տերը երկրի» ձեւակերպումները ստանում են նոր քանակական եւ բովանդակային պարամետրեր։ Դա նորանշանակ պետական համակարգն է, «Իմ քայլը եւ մերձիմքայլական շրջանակները» եւ ռադիկալ փողոցային խմբերը, որոնք բոլորը միասին ընդամենը մի քանի հազար հոգի են, բայց  փորձում են եւ, թերեւս, դեռ կարողանում են մթնոլորտ ստեղծել։

Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խոր շոկ էին ապրում այս երեք օրը, եւ որոնց պատկերացումները երկրի եւ աշխատանքի մասին լրիվ այլ են, տանն են։ Դեռ տանն են։ Բայց պատանդ են ակտիվ մի քանի հազարին։ Ակնհայտ է, որ ագրեսիայի իշխումը չի կարող անվերջ շարունակվել, եւ հարյուր հազարավոր պասիվների տրամադրությունները մի պահի ստանալու են կառուցվածքային տեսք՝ ձեւավորելով նոր օրակարգ։

Առանձին քննարկման նյութ են բուն կարգախոսները։ Եթե դատական համակարգը համարվում է նախորդի մնացորդ եւ կատարել է նախորդ համակարգերի պատվերները (ինչը գուցե եւ այդպես է), ապա արդյո՞ք դատախազությունն ու քննչական մարմինները նույնը չեն։

Այդ դեպքում ինչո՞ւ ենք սեւեռվում միայն դատարանների վրա։ Ինչ է, այս դատախազությունը եւ քննչական  մարմինները չե՞ն կատարել նախորդների ցուցումները։ Նույն դատախազը մի տարի առաջ չէ՞ր գալիս ԱԺ՝ կալանավորելու Փաշինյանին եւ այլոց։

Ստացվում է, որ եթե դատախազությունն ու քննչական մարմիններն այսօր կատարում են վարչապետի  ցանկությունը, ուրեմն նրանք արդեն «Նոր Հայաստան են», իսկ դատարանը,  եթե չի կատարում վարչապետի ցանկությունը, «Հին Հայաստան»։ Իհարկե, այս ամենը մատուցվում  է ժողովրդի անունից։ Ուրեմն՝ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրված նպատակը՝ բոլորովին այլ։

Արցախի մասով։ Այստեղ երկար բարակ քննարկելու հարց չկա. եթե վարչապետը ճիշտ է, եւ կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում  էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել եւ նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։

Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի եւ տարածքների կորստի մասին վարկած է։  Այս ելույթով մենք աննորմալ թանկ նվեր ենք մատուցել Ադրբեջանին։ Ուղղակի նայեք ադրբեջանական մամուլը եւ կհասկանաք, թե որքան կոպիտ սխալ է թույլ տրվել։ Մենք սրա համար կարող ենք շատ թանկ գին վճարել։

Չգնահատված նախադեպը ունենում է իր հետեւանքները. Իրանում հնչեցրած ձեւակերպումը՝ Հայաստանում գործող քաղաքական գործիչների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին, չստացավ պատշաճ շարունակություն, չպահանջեցինք շարունակություն, միասնաբար որոշեցինք մոռացության տալ, դատախազը գործ չհարուցեց, այնինչ դա բավականին լուրջ մեղադրանք պարունակող ձեւակերպում էր։ Սա նախադեպ ստեղծեց հետագա այլ՝ լրջագույն մեղադրական ձեւակերպումների համար. դարձյալ  չենք ճշտում ո՛չ դրա հիմքը, ո՛չ փաստը, ո՛չ մոտիվացիան։

Դեռեւս խնդիր է մնում իշխանության ներսից առարկության ձայնի, սթափ ձայնի պահը։ Սա շատ կարեւոր է՝ ծայրահեղ անկանխատեսելիություն թույլ չտալու եւ հանրային լայն կոնսոլիդացիան հետագայում սթափության եւ ադեկվատիզմի շուրջ ձեւավորելու համար։ Սա մի օր, անկասկած, լինելու է։ Եվ այդ մարդը կամ այդ մարդիկ կարեւոր են ղեր են խաղալու հեռանկարում։ Բայց այս պահին խնդիրը առկա է։

Դատարանները շրջափակելով եւ դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը ։

Անցումային արդարադատության թեման գեներացնելուց եւ գուցեեւ  ներդնելուց հետո,  շատ երկար ժամանակ մոռանալ է պետք ներդրումների մասին։ Հատկապես՝ ռուսական եւ չինական։

Այս պահին բաց է մնում մոտիվացիայի հարցը։ Մենք նույնպես  այս պահին չունենք դրա պատասխանը։ Ինչո՞ւ այս ամենը արվեց, ո՞րն է դրա պատճառը։ Արդյո՞ք այս ամենը ծրագրավորվել էր Երեւանում, եւ ո՞րն է դեռեւս չհրապարակված շարունակությունը։ Շատ կարեւոր է հասկանալ այս հարցի պատասխանը։ Սրա շուրջ  է պետք ծավալել քննարկումը։ Ինչո՞ւ  է սա կարեւոր. մենք մտնում են դժվար հաշվարկելի փուլ։ Գործնականում անհնար է հաշվարկել ոչ միայն առաջիկա զարգացումները, այլեւ  կարճաժամկետ ապագան։ Ցավոք, այն հիմնված է լինելու շոկերի վրա, որոնք մեզ սպասում են։ Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս, եւ նրանք սա շատ լավ հասկանում են։ Իսկ հետո՞։

Ես այս բոլոր 1-10 կետերի շուրջ ուշադրություն եմ հրավիրում՝ ունենալով մեկ համոզմունք. Հայաստանում բոլոր գիտակից մարդկանց խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, սիմպատիաներից, անկախ իշխանության մեջ լինել չլինելուց, խուսափել հետագա վատագույն սցենարներից, մթնոլորտը տանել հանդարտեցման, խուսափել անդառնալի սխալներից։ Դրա համար պետք է երկու պարզ բան՝ ինքնուրույն մտածել եւ չլռել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան...
«Իրավունք»․ «Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է
Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ...
«Հրապարակ». «Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր
Իշխանականները դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու»…
«Ժամանակ». Մեր օրերի նակրոբարոնը. Քրգործ է հարուցվել միանգամից երկու հոդվածով
Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա...
«Հրապարակ». Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ
Իմ դիմումի մեջ գրել եմ ինչ պետք է, բայց դա հրապարակային բան չէ...
«Ժողովուրդ». Թոքմաջյանի նվիրյալ բանակ չծառայածները մտել են ուսխորհուրդներ
Մեզ հայտնի դարձավ, որ օրինակ նրա որդին եւ եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ...
Ֆոտոռեպորտաժներ