News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության շատ կարեւոր դերակատարներն են կանայք, եւ այն արժեքները, որ նրանք են բերել այս հեղափոխության ընթացքում, մենք պետք է վերածենք հստակ քաղաքական ծրագրերի եւ գործողությունների: Այս մասին ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կիսում է այն համոզմունքը, որ կանանց քաղաքական եւ տնտեսական մասնակցության խթանումը կարեւորագույն խնդիր է: Նա նաեւ նշել է, որ հասարակական սեկտորի եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ այսօր նախարարությունում մշակվում է գենդերային ռազմավարություն, որը կոչված է լինելու կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը եւ հավասար իրավունքների ապահովմանը, քանի որ խտրականության բացակայությունը դեռեւս չի ապահովում հավասար հնարավորությունների առկայություն:

Տիկին Օսա Ռեգները  տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կառավարության անդամների հետ եւ կարող է վստահ ասել, որ ՀՀ նոր կառավարությունն ունի միասնական մոտեցում՝ կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ստեղծման հարցում.

«Մեզ համար վերջին օրերի հանդիպումները շատ կարեւոր էին, որովհետեւ մենք տեսանք միասնական մոտեցում եւ արժեքային համակարգ, իսկ դա կարեւորագույն խթան է փոփոխությունների համար: Բացի այդ, պետք է ուրախությամբ նշեմ, որ երբեւէ չէի հանդիպել Կառավարության նկատմամբ այսօրինակ վստահություն հասարակական սեկտորի ներկայացուցիչների կողմից: Սա մի բան է, որը ոգեւորում է եւ մղում առաջ»,- ասել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալը:

Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը 2020 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին  նախատեսում է միջազգային համաժողով կազմակերպել՝ նվիրված կանանց հիմնախնդիրներին ողջ աշխարհում: Տիկին Օսա Ռեգները  նշել է, որ այս ավանդական համաժողովները երբեք չեն իրականացվել Եվրոպայում, Միջին Ասիայում կամ Կովկասում.

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուզում էինք դիմել ձեզ՝ դառնալու գալիք համաժողովի կազմակերպիչն ու հյուրընկալ երկիրը: Կարծում եմ՝ սա լավագույն հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կարեւորագույն հարցերի քննարկման կենտրոն»,- ասել է նա:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ պատրաստակամ է քննարկել համաժողովի կազմակերպման հնարավորությունները մյուս պատկան կառույցների հետ, եւ նշել, որ դա մեծ պատիվ կլինի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համար:

Նշենք, որ 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021 թթ․ կայանալիք 64-րդ եւ 65-րդ նստաշրջանների համար։ Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության եւ կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, եւ այն հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ