News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես ինքս բազմիցս ասել եմ, որ մեր դատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, բազմիցս հայտարարել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այն, ինչ օրվա երկրորդ արարում ասաց Նիկոլ Փաշինյանը բացարձակապես օրինական էր, լեգիտիմ էր, արդար էր, տեղավորվում էր Սահմանադրության շրջանակում. «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են՝ ականջում ունենալով, որ պիտի իրենց զանգեն նախագահականից կամ կառավարությունից, ես չեմ հավատում նման մարդկանց վերափոխմանը: Բայց դա չի նշանակում, որ պիտի արվեն հակասահմանադրական գործողություններ եւ մարդուն պիտի թույլ չտան մտնել իր աշխատասենյակ: Քանի անմեղ մարդիկ երեկ տուժեցին այդ հակասահմանադրական կոչերի պատճառով»,-ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ մենք ունենք բավականաչափ կոռումպացված դատական համակարգ, մեր դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի:

«Պետք է լրջագույնս ռեւիզիայի ենթարկվեն այն քրգործերով վճիռները, որոնք իրենք կայացրել են եւ որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը ամեն օր Հայաստանի դեմ վճիռ է կայացնում: Ես այստեղ երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Վիրահատական միջամտությունը չի ենթադրում հակասահմանադրական քայլեր: Պետք է քայլեր արվեն ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունների միջոցով»:

Դիտարկմանը, որ ստացվում է՝ ապրիլյան հեղափոխության օրերին, երբ փակվում էին մի շարք պետական հիմնարկների դռները, նույնպես հակասահմանադրական վիճակ էր եւ այդ ցույցերին դուք էլ էիք մասնակցում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ոչ, բացարձակապես նույն իրավիճակը չէ, որովհետեւ այն ժամանակ իշխանությունը ուղղակի թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց ընդվզումը, իրենց բողոքը արտահայտեն: Իսկ այս դեպքում իշխանությունն ինքն է սա կազմակերպել, իշխանությունն է պատասխանատու սահմանադրական կարգի պահպանման համար, դրանք բացարձակապես տարբեր քաղաքական իրավիճակներ են»:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Փաշինյանի հայտարարած հեղափոխության երկրորդ փուլին մասնակցեց ընդամենը 1100 մարդ. «Հիմա եթե իրենք են ժողովուրդ եւ իրենք են հեղափոխության երկրորդ փուլի առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ՝ որպես իշխանափոխության երկրորդ փուլի կրողներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ