News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից, ուստի դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող եւ ինքս ծանոթ չեմ գանգատին, որ կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը եւ անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչի մասին հարցին, նախարարը հրաժարվեց գնահատական տալ.  «Այստեղ  պետք է տարանջատենք իրավական եւ քաղաքական գործընթացները։ Սա քաղաքական գործընթաց էր եւ ես չեմ շտապի դեռեւս գնահատականներ տալ։ Ժամանակը կգա, կտամ գնահատական»։

Մանրամասնելով վարչապետի առաջարկած վեթթինգի ինստիտուտին, նախարարը մարմասնեց.  «Այն, որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում եւ որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, եւս ոչ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում։ Վեթթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվում է, այս պահին այն կիրառվում է Ալբանիայում եւ կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով։ Այս իրավունքը դրական գնահատական է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վեթթինգի երեք չափանիշ կա, այս պահին կխոսեմ բովանդակության մասին, ձեւին չեմ անդրադառնա, որովհետեւ դրանք մշակվելու են։ Վեթթինգը առանց խտրականության է իրականացվելու, որեւէ դատավոր չի թիրախավորելու»։

Հարցին՝ առկա իրավակարգավորումներով՝ այն է՝ հրամանագրերի եւ կարգապահական վարույթ  հարուցելու ինստիտուտների միջոցով հնարավոր չէ՞ր դատավորների թափանցիկ գործելակերպ ապահովել, կար հայտարարված ինստիտուտնի կիրառման հրատապ անհրաժեշտություն, նախարարը պատասխանեց.  «Հրատապ անհրաժեշտություն, կարիք կար, իսկ հրամանագրերի եւ կարգապահական վարույթ  հարուցելու ինստիտուտները կապելու են վեթթինգի հետ»։

Մտահոգությանը, թե վեթթինգի ինստիտուտը չի ծառայի արդյոք, որ ամեն հաջորդ իշխանություն ազատվի նախորդ իշխանության նշանակած դատավորներից. Զեյնալյանն ասաց. «Սա նախորդ իշխանությունների նշանակած դատավորների դեմ չէ, այդ մտավածությունը, որ կա մենք ամեն ինչ կանենք, որ փարատվի օրենսդրական դաշտով, որը պատրաստվում են ներդնել»։

Հիշեցնենք, որ դատաիրավական համակարգի խնդիրների մասին ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատավորների վեթթինգի մասին: Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի՝ ասել է վարչապետը եւ հավելել. «Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ