News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որը թույլ կտա Երեւանի ավագանու նիստերին մասնակցեն բոլոր ցանկացողները, իսկ լրագրողները նիստերը լուսաբանեն հենց դահլիճից:

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը՝ նշելով, որ իրենք 3 փոփոխության առաջարկ ունեն։ «Առաջին փոփոխությունը վերաբերում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 7.1 կետին՝ առաջարկում ենք այն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը կարգավորում է այն մասը, թե ովքեր կարող են մասնակցել Երեւանի ավագանու նիստերին։ Ըստ էության՝ սա սահմանափակվում է քաղաքապետի որոշմամբ։ Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարությունը եւ հնարավորություն տալ քաղաքացիներին եւ շահագրգիռ անձանց ցանկության դեպքում մասնակցել Երեւանի ավագանու նիստերին»:

Անի Սամսոնյանի խոսքով, 2-րդ փոփոխությամբ իրենք առաջարկում են հանել արգելքը, ըստ որի լրագրողները չեն կարող Երեւանի ավագանու նիստերին հետեւել հենց նիստերի դահլիճից։

«Առաջարկում ենք, որ 7.2 կետով ամրագրվի, որ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու դռնբաց նիստերին` ավագանու նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հատկացված տեղում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ առաջարկում են նաեւ հանել լրատվամիջոցների հավատարմագրումը. «Լրատվամիջոցներն առանց հավատարմագրման պետք է կարողանան մասնակցել Երեւանի ավագանու նիստերին՝ ներկայացնելով միայն կոնկրետ լրատվամիջոցի աշխատակից լինելու մասին վկայող փաստաթուղթը»:

Տպել
Ամենաշատ