Ռուսաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում վճարի աղտոտված նավթի համար: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ «Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումներն աղտոտման պատճառով դադարեցվել էին ապրիլին: «Տրանսնեֆտ»-ը մտադիր է փոխհատուցել ցանկացած ապացուցված վնասի համար:
«Ռուսաստանցի մատակարարները կոմերցիոն եւ օպերացիոն լուրջ սխալներ են թույլ տվել… Ռուսաստանն ու ռուսական ընկերությունները պետք է արձագանքեն ֆինանսապես»,- հայտարարել է Մորավեցկին:
Լեհաստանի էներգետիկայի նախարարն իր հերթին Ռուսաստանից պահանջել է անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ մաքուր նավթի մատակարարումը վերսկսելու համար:
Էներգետիկայի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ լեհական նավթավերամշակող գործարաններում աշխատանքն առանց դադարի շարունակվում է ծովային մատակարարումների եւ նավթի պաշարների ազատման շնորհիվ: