News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեկվանից դատական համակարգը ցնցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողություններից և դրան հաջորդած վարչապետի ելույթից։ Այս իրադարձություններին զուգահեռ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են որոշ դատավորների ունեցվածքի, հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները։ Մայիսի 20–ի իրադարձությունների, հանրապետության բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելու,  նրանց հրաժարականների պահանջի և Փաշինյանի ելույթում տեղ գտած այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։

Ի՞նչ արդյունք ունեցավ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու երեկվա գործողությունը, որը իշխանությունները խաղաղ ակցիա էին համարում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի երեկվա կոչը վտանգեց մեր երկրի սահմանադրական կարգը։ Այն որևէ առնչություն չուներ այն հայտարարության հետ, որը Փաշինյանն արեց ժամը 12–ին՝ կառավարությունում։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործողությունը որևէ տրամաբանական կապ չունի այդ հայտարարության հնչեցման հետ։ Մի՞թե անհրաժեշտ էր դատարանների վարչական շենքերը փակել, որպեսզի 10-20 հոգով հավաքվեին և նի՞ստ անեին, որպեսզի վարչապետը հայտարարություն տարածեր կամ «լա՞յֆ» մտներ, դրա համար անհրաժեշտ էր դատարանների աշխատանքը կազմալուծե՞լ։

Այդ դեպքում ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էր հետապանդում դատարանների շրջափակումը։

Կարծում եմ, այդ քայլն ինքնանպատակ էր , այլ բացատրություն ես չեմ տեսնում։ Այն հանգամանքը, որ աշխատանքային կես օր դատարանների աշխատանքը կազամալուծված է եղել, դրա միակ արդյունքն այն էր, որ բազմաթիվ քաղաքացիների չհաջողվեց իրացնել արդար դատաքննության իրավունքը։ Գաղտնիք չէ, որ քաղաքացիներն ամիսներով սպասում են իրենց դատական նիստին, և հարյուրավոր քաղաքացիների իրավունքներն այդ օրը ոտնահարվեցին։ Անվիճելի է, որ այդ քայլը  միջամտություն է դատական իշխանության գործառույթներին գործադիրի և նաև օրենսդիրի կողմից։ Պատգամավորներ էին կանգնած դատարանների մուտքերի մոտ և արգելում էին դատավորների մուտքն իրենց աշխատավայր, ինչն աննախադեպ և աննպատակ էր։

Ինչո՞ւ հենց երեկ որոշվեց  նման ակցիա իրականացնել և ո՞րն էր, ըստ Ձեզ, վարչապետի ելույթի հրատապության պատճառը։

Ես դա այլ կերպ չեմ կարող մեկնաբանել, քան պայմանավորել դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանի գործով կայացված որոշման հետ, ես այլ առիթ չեմ տեսնում։

Գործադիր իշխանության կողմից  դատական իշխանության գործերին միջամտելն  ի՞նչ հետևանք կարող է ունենալ իրավական պետության համար։

Այդ քայլով վտանգվում է երկրի պետականության և սահմանադրականության հարցը, սա շատ մեծ խնդիր է։ Սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը. այդ դրույթի իմաստն այն է, որ գործադիրն ու օրենսդիրը չկարողանան միջամտել դատական իշախնաության գործերին, սակայն երեկվա վարչապետի հայտարարությունը չի կարող այլ կերպ մեկնաբանվել, քանի միջամտություն։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց մինչ այդ հանրությանը խորթ տերմինի՝  վեթինգի կիրառման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի և այլնի մասին։  Նման  մեխանիզմի կիրառման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

Վեթինգի հետ կապված ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, եթե կառավարությունը, պաշտոնյաները իրենց իրավասության սահմաններում ցանկություն ունեն այս կամ այն գործընթացը նախաձեռնել, ես խնդիր չեմ տեսնում, յուրաքանչյուր դատավոր հայտարարագրում է իր եկամուտները, ունեցվածը, որը հասու է հասարակության յուրաքանչյուր անդամի, և այդ գործընթացը կատարելու համար որևէ խնդիր չկա։ Իսկ ինչ վերաբերում է դատավորների քաղաքական կապերը ճշտելուն, ապա դա պարզելու մեխանիզմն այնքան էլ հասկանալի չէ։ Ի՞նչ է դա նշանակում, քաղաքական կա՞պ է արդյոք, օրինակ, որ կառավարության անդամը ազգակցական կապի մեջ է պատգամավորի հետ։ Ես կարծում եմ, որ օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ դատավորների հետ կապված նման խնդիրների առաջացման դեպքում։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունը ունի համապատասխան հնարավորություն արդարադատության նախարարի միջոցով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալու համար։ Այսինքն՝ կառավարությունը համապատասխան իրավապահ մարմինների հետ միշտ կարող է ընթացք տալ ցանկացած ահազանգի, որը կստացվի օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ բոլոր այդ գործառույթները ՀՀ վարչապետի իրավասության ներքո են, դրանք չեն օգտագործվում, ինչի արդյունքում կազմալուծվում է դատավորի աշխատանքը։

Վեթինգ նշանակում է զտել, այսինքն մեր դատական համակարգն այսօր զտման, մաքրման կարի՞ք ունի։

Օրենքը նախատեսում է համապատասխան ընթացակարգ, ուզում եք՝ վեթինգ անվանեք, ուզում եք՝ զտում, այդ գործընթացը պետք է իրականացվի օրենքով նախատեսված կարգով, թող համապատասխան օրենսադրական ակտ ընդունվի, դրան ոչ ոք չի միջամտի, և այդ գործընթացը կատարելու համար կառավարությունն ունեցել է մեկ տարի, իսկ օրենսդիրը վեց ամիս ժամանակ, թող անեն։

Իսկ ի՞նչ կասեք ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորներ հրաժարականի, նրանց հեռանալու կամ ինչպես վարչապետը նշեց՝ հեռացնելու մասին, արդյոք այս հայտարարությունը բխում է իրավունքի հիմնարար սկզբունքներից։

 Ցանկացած գործընթաց պետք է լինի օրենսդրությամբ նախատեսված. նման կոչերով կարող է հանդես գալ ցանկացած ոք՝ այդ թվում երկրի վարչապետը։ Անձը եթե հրաժարական տալու լինի՝ կտա, առանց նման կոչերի էլ կտա, ո՞րն է դրա իրավակարգավորումը։ Դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես օրենքով նախատեսված կարգով և դրա իմաստն այն է, որ դատավորը կախում չունենա այդ թվում երկրի վարչապետից, և իրեն հաճո դատական ակտեր չկայացնի։

 

Տպել
Ամենաշատ