News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Հացառատ եւ Գանձակ համայնքներում տեղացել է կարկուտ: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Սարգիս Հակոբյանը: Նրա խոսքով՝ Գավառում մոտ կես ժամ տեղացող կարկուտը հողին է հավասարեցրել նոր ծիլ տված բերքը.

«Աշնանացանքերին լավ վնաս ա տվել, ծաղկած ծառերը, ծլած հատապտուղները սաղ ավիրել ա: Մի կես ժամից ավելի եկավ, հետո էլ մի ժամից ավելի հորդառատ անձրեւ եկավ։ Էնքան ա եկել, որ մինչեւ հիմա չի հալել։ Ինչքան կանաչ կա, լրիվ հավասարեցրել ա հողի։ Տեղեր կային, որ մայթերին հավասար ջուր էր գնում։ Մինչեւ հիմա կարկուտը գետնին ա»,- ասաց բնակիչը:

Նշենք, որ երեկ կարկուտ էր տեղացել նաեւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ մի քանի համայնքներում: Բերդի բնակիչ Անիկ Հարությունյանը NEWS.am-ին պատմեց, որ իր նոր տնկած ամբողջ սածիլները կարկուտը վնասել է.

«Մոտ 25 րոպե տեւեց, ու որ դրսում մարդ լիներ, հաստատ ողջ չէր մնա: Առաջին անգամն էր, որ էսքան երկար տեւեց: Խաղողի այգիները ամբողջությամբ սպիտակել են: Մինչեւ արտերի խոտերն էլ վնասվել է»,- ասաց բնակիչը:

Տավուշի մարզի մարզպետ Հայկ Չոբանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվանից մարզպետարանում կազմվել է հանձնաժողով, կարկուտից տուժած համայնքներում անցկացմում են ուսումնասիրություններ եւ գնահատում վնասի չափը.

«Նախնական տվյալներով՝ վնասը ծայրահեղ չէ: Մենք աջակցելու ենք գյուղացուն, որպեսզի այդ ճգնաժամային վիճակից դուրս գա: Ինչ-որ տեղ պարտադրանք էր առ այն, որ պետք է ակտիվացնենք հակակարկտային ցանցերի ինտենսիվ տարածումը»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ Տավուշի մարզում հակակարկտային ցանցերը շատ քիչ են: Հույս հայտնեց, որ առաջիկայում ցանցի տարածումը տարածաշրջանում կլինի մասսայական:

Տպել
Ամենաշատ