News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաեւ հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների եւ հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Դատավորների միությունը եւս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաեւ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության եւ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն եւ որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը եւ դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի:

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարեւորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները եւ կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաեւ դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադարձել է դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին: Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը): Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGER AND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր եւ էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետեւյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

1.            Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը, կետ 45-րդ):

2.            Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է եւ չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Արձանագրելով վերոգրյալը՝ Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաեւ քաղաքացիներին դրսեւորել իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ եւ ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջեւ նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից: Դատավորների միությունը հորդորում է նաեւ զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկ հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնել՝ պահպանելով ՀՀ Սահմանադրության  44-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի, ինչպես նաեւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

Դատավորների միությունն ընդունում է, որ արդի իրավական զարգացումներին համահունչ՝ դատական իշխանությունը եւս բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն մեր երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ իրավակարգի ամրապնդմանը: Ուստի Դատավորների միությունը պատրաստակամ է այդ հարցում շահագրգիռ անձանց կողմից համապատասխան կամք դրսեւորելու դեպքում առողջ ու կառուցողական քննարկումներ ծավալել դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ՝ խնդրի լուծումը տեսնելով բացառապես իրավական դաշտում` ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված դրույթների պահպանմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ