News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե հիմա քիչ խոսեն դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին, այդ սահմանադրական խախտումը կանցնի՝ կգնա։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ԼՀԿ–ի միջնորդությունը մերժելուն։

Ըստ պատգամավորի՝ այս քայլով իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել Ազգային ժողովի սահմանադրական դերը։

«Եթե երկրում հրատապ մի բան է լինում, ուշացած արձագանքն ո՞ւմ է պետք »,– նկատեց պատգամավորը։

Նա միաժամանակ նշեց, որ հնարավոր է՝ իրենք առաջարկեն ԱԺ արտահերթ նիստ գումարել նստաշրջանի ավարտին՝ մայիսի 30–ին.

«Կդիտարկենք՝ իմաստ ունի՞ այդ օրը արտահերթ նիստ գումարել, թե՞ ոչ»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կոչին, թե պետք է հրաժարական տան նաև այն դատավորները, որոնք իրենց անաչառ չեն համարում,  Մարուքյանն ասաց. «Հայտարարությունից հետո երկու օր է անցել, բայց որևէ դատավոր այդ հիմքով հրաժարական չի տվել, եթե իրատեսական լիներ, կտային»

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին, մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, նշել էր, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ-ի նախաձեռնության մեջ որոշ ձեւակերպումների հետ կապված խնդիրներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ